«Կարծես թե ռենտգեն սարքերի տեղադրման հարցը բանակցված ու լուծված է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ Արցախը «խաղաղության պայմանագրում» որևէ ամրագրում ստանա, այլ այն է, թե դա ինչպիսի ամրագրում է ստանալու։

«Եթե ստանալու է այն ամրագրումը, որն իշխանությունն իր մոտեցումներում ամրագրում է, այսինքն՝ բացառապես արցախցիների իրավունքների ու ազատությունների հարցը, ապա դա նշանակում է, որ «խաղաղության պայմանագրով» ամրագրվելու է Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Եթե առհասարակ չի լինում, և ասում են՝ արցախցիներ, դուք գնացեք ադրբեջանցիների հետ այս թեման բանակցեք, նշանակում է, որ այս բոլոր վատ պայմանները, որոնք այսօր ստեղծված են, սկսած՝ Արցախի շուրջ, վերջացրած՝ բանակցային ներկա իրողություններով, պարզապես պատասխանատվությունը գցվում է Արցախի վրա, և Արցախի կապիտուլյացիայի երկրորդ գործընթացը թողնվում է  Արցախի վրա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի, ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակը կառավարելու, վերահսկելու գործընթացն իր ձեռքը վերցնելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա խորը դիմակայություն։ Իսկ մնացած առումներով գործընթացներում Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է։

«Բայց թե ինչ կունենանք մենք 5-6 ամիս հետո, և ով հիմնական դեր կստանձնի բանակցային գործընթացում, դա դժվար է ասել։
Ադրբեջանի գլխավոր խնդիրներն այս պահին վերաբերում են Կաշենի հանքում ադրբեջանական հնարավոր ներկայությանը, ստուգումներից սկսած՝ մինչև դրա հետագա գործունեությանը, վերջացրած Հայաստանն Արցախին կապող միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության իրականացմանը։ Քննարկումները հիմա դրա շուրջ են, թե ինչպես է դա արտահայտվելու։ Կարծես թե ռենտգեն սարքի տեղակայումն արդեն իսկ քննարկված ու ավարտված է։ Այլ բան է, թե ինչ են ուզում արցախցիները, մեկ այլ բան, թե ինչ են ուզում իշխանությունները, բայց այդ ռենտգեն սարքի հետ կապված խնդիրներն արդեն բանակցված են։ Ադրբեջանի նախապայմանները գնալով մեծանում են»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս