Արցախի ղեկավարությունն է բանակցում, որոշումները կայացնում, և հարցն ինձ չի վերաբերում. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս տեղեկություն չունի՝ Ադրբեջանին փոխանցված հայկական կողմի առաջարկների վերաբերյալ կա՞ արձագանք, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հանդիպումների հնարավորությանը, նա ասաց, որ նման հանդիպումներ տեղի ունենալու մասին միշտ էլ քննարկումներ կան, կան նաև բազմաթիվ առաջարկներ բոլոր հնարավոր տեղերից։
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը նաև անդրադարձավ տարածված տեղեկություններին, թե Ադրբեջանը Բերձորի ճանապարհին ռենտգեն սարքեր է տեղադրելու, իսկ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում իրականացնելու է ստուգումներ։
«Ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, երբ Արցախի օրինական ներկայացուցիչներն իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում, և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի ու Հայաստանի ղեկավարություններին։
Արցախի ղեկավարություններն են բանակցում, այդ որոշումները կայացնում, և հարցն ինձ չի վերաբերում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա ընդգծեց՝ չգիտի, թե Արցախի կողմից ինչ որոշում կա, չի կարող ասել, թե Արցախի կողմից ովքեր են բանակցում ադրբեջանական կողմի հետ, ապա խորհուրդ տվեց լրագրողներին այդ հարցի պատասխանը ստանալու համար դիմել Արցախի իշխանություններին։
Դիտարկմանը, որ Արցախի իշխանությունները չեն բացահայտում այս ամենը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ուրեմն պետք չէ, որ բացահայտեն։
Պատասխանելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելու մասին հարցին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ պաշտոնական Երևանը ինչպես նրա նշանակման, այնպես էլ պաշտոնանկության վերաբերյալ որևէ տեսակետ չունի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում