Տարբեր անհիմն հիմնավորումներով ձգձգում են, որ 3 հոգանոց իրենց ցանկալի հոգաբարձուների խորհուրդը ձևավորեն. Բրյուսովի ռեկտորի պաշտոնակատար

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում երեք ամիս է անցել, սակայն դեռևս չի ձևավորվել հոգաբարձուների խորհուրդը:

«Տարբեր անհիմն հիմնավորումներով ձգձգում են, որ 3 հոգանոց իրենց ցանկալի խորհուրդ ձևավորեն: Եթե 2 ամսվա ընթացքում հիմնական խորհուրդը չի ձևավորվում, Արդարադատության նախարարի հրամանով ձևավորվում է 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդ»,- մեզ հետ զրուցյում ասաց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:

Նա նշեց, որ երեք հոգին էլ կարող են նախարարությունից լինել և ոչ բուհից:

Հիշեցնենք, որ  2022թ. դեկտեմբերի 9-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր ընտրված Կարինե Հարությունյանի պայմանագրի ժամկետը լրացել էր նույն թվականի հունվարի 13-ին, և ռեկտորի պարտականությունները կատարում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Կարդացեք նաև

ՀՀ կառավարությունն էլ մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել էր, որ խորհրդի նիստին մասնակցել է ոչ խորհրդի անդամ հանդիսացող ուսանող։

Ասվածը փորձեցինք ճշտել ռեկտորի պաշտոնակատարից, արդյո՞ք նման խախտում եղել է, Ակոպյանը կտրականապես հերքեց՝ ասելով, որ նման բան չկա և չի եղել:

Հունվարի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը: Տեղեկացրել են նաև, որ փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները: Միաժամանակ նշել են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:

Տեսանյութեր

Լրահոս