Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 23 տոկոսով. TI
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության տվյալներով, 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 23 տոկոսով և կազմել 161 մլն դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ TI-ի՝ վրացական գինու արտահանումը տարիներ շարունակ մեծ կախվածություն է ունեցել ռուսական շուկայից, թեև ռուսական շուկան 2012 թվականից ի վեր, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ վրացական գինին վերադարձավ ռուսական շուկա, ընդհանուր արտահանման մեջ 64 տոկոս մասնաբաժին չի ունեցել։
TI-ն խորհուրդ է տալիս Վրաստանի կառավարությանը` մշակել ռուսական շուկայում գինու արտահանման մասնաբաժինը նվազեցնելու ռազմավարություն. առաջարկությունը հիմնված է, մի կողմից, ռուսական շուկայի փխրունության վրա և մյուս կողմից՝ գինու արտահանման շուկայի դիվերսիֆիկացման վրա։
Տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, 2022 թվականին վրացական արտահանումը Ռուսաստան աճել է 6,8 տոկոսով և կազմել 652 մլն դոլար։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից հետո՝ մարտ-դեկտեմբեր ամիսներին, արտահանումն աճել է 3,2 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է թեթև մեքենաների վերաարտահանման 5 անգամ աճով:
Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 2022 թվականին 14,4 տոկոսից նվազել է մինչև 11,7 տոկոս։