Ռուբեն Վարդանյանի հեռացումը՝ Պուտինի պահանջ

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն Արցախի արդեն նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցը  կապում է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի ուղիղ ներգործության հետ։

«Չեմ կարծում, որ Բաքուն ուղղակի հրահրեց այդ ինտրիգները, կարծում եմ, որ դա արեց հենց Մոսկվայի ձեռամբ և օգնությամբ։ Այսինքն, Վարդանյանին հեռացրեցին Բաքու-Մոսկվա պայմանավորվածությունների արդյունքում… Մենք շատ ենք  կենտրոնանում Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա, բայց, ըստ իս, Վարդանյանի պաշտոնանկությունն ավելի շատ Մոսկվայի պահանջն է եղել. ճնշումները եկել են Մոսկվայից, հետևապես՝ կատարել են Մոսկվայի պահանջը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով՝ Մոսկվան նման քայլի գնաց, որովհետև Ադրբեջանը Վարդանյանից կերտել էր գլխացավանք Մոսկվայի համար, որն Արցախում ունի խաղաղապահներ։

Ըստ նրա՝ Ադրբեջանն Արցախի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար գործի դրեց Ռուբեն Վարդանյանին հեռացնելու սցենարը, որը Բաքու-Մոսկվա երկկողմ համաձայնության շրջանակում իրագործելուց հետո դրանից կօգտվի ռուսական կողմը, հետևապես՝ առաջիկայում Սերգեյ Լավրովը Ռուբեն Վարդանյանի հեռացումը կփորձի ներկայացնել որպես Մոսկվայի կողմից արված զիջում՝ պահանջելով արդեն զիջում Ադրբեջանից և փորձելով հասնել Բերձորի միջանցքի բացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս