ԼՂ հարցը պետք է լուծվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով:

Այս մասին փետրվարի 24-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետեւյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք եւ վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսեւորում եւ դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը հակամարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության եւ բռնության շրջափուլը հաղթահարելու համար»,-շեշտել է պատգամավորը:

Խանդանյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Նրա խոսքով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, եւ այն պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով»,-նշել է Խանդանյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական բոլոր ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության եւ ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, եւ որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին:

Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (It’s about people), եւ ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»,-եզրափակել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս