Բաժիններ՝

Աստված տեսնում է ամեն բան

Աստված ամենատես է։ Սա, անշուշտ, նորություն չէ ոչ մի քրիստոնյայի համար, քանզի եթե ապրում ենք Երկրորդ Գալստյան, Արդարության հաստատման սպասումով, պարզապես չենք կարող հերքել, չընդունել այն փաստը, որ Աստված տեսնում է ամեն բան։

Ինչպիսի՞ն է, սակայն, Աստծո հայացքը։ «Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23։28),- գրված է Սուրբ Գրքում։ Անհնար է, որ ինչ-որ բան վրիպի Տիրոջ աչքից, և սխալ, թյուր պատկերացում ունեն այն մարդիկ, ովքեր գործելով ինչ-որ սխալ արարք, իրենց «մխիթարում են»՝ ասելով, թե «Աստված իմ մեղքը չտեսավ»։ Նման բան պարզապես հնարավոր չէ։

Սուրբ Ներսես Շնորհալին իր այս խոսքով հաստատում է ասվածը՝ նշելով․ «Սակայն Աստված մոտ է բոլորին և ոչ` հեռու և գիտե մարդկանց բոլոր բարի և չար խորհուրդները, անսխալ կերպով լսում է, ինչ որ խոսվում է լեզվով և հայտնապես տեսնում այն, ինչ ծածուկ գործում են մարմնով, քանզի չկա մի արարած, որ անտեսանելի լինի Նրան»։

Ուրեմն՝ Աստծուց ծածուկ հնարավոր չէ գործել։ Եվ այս ամենով հանդերձ է, որ Աստծո հայացքը մի տեսակ դառնում է պարտադրող․ չէ՞ որ եթե Նա ամեն բան տեսնում է, ուրեմն՝ սխալներ գործել չենք կարող։ Սակայն սա էլ թյուր կարծիք է, քանզի բնավ չի նշանակում, թե սխալվելն արգելված է։

Աստծո հայացքը առավել շատ նման է ծնողի հայացքին, ով զգուշավոր հետևում է իր մանկանը՝ զգուշացնելով վայր չընկնել, իսկ ընկնելու դեպքում էլ իր գիրկն է առնում նրան։ Աստված էլ մեզ հետևում է՝ փորձելով Իր ներկայությամբ մեզ հեռու պահել մեղքերից, սակայն երբ անգամ մեղք ենք գործում ու զղջում ենք, Նա իր գիրկն է առնում մեզ, ներում է հայրաբար։ Նա մեզ դատելու համար չէ, որ հսկում է մեզ, այլ՝ ուղղորդելու դեպի բարին։

Աստծո հայացքն այն է, առանց ինչի մեր կյանքը զրկվում է իմաստից, քանզի այդ ամենատես հայացքի ներքո է միայն, որ զգում ենք մեզ ապահով, ինչ փորձության մեջ էլ որ հայտնված լինենք։

qahana

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս