Գործատուն չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով
Հայաստանում գործատուն չի կարողանա աշխատողին աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. Աշխատանքային օրենսգրքից հանվում է այս հիմքով աշխատանքից ազատելու կարգավորումը: Այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Փաթեթով փոփոխություններ են կատարվել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումներում, փոփոխությունները հիմնականում ժամային գրաֆիկի հետ են կապված:
«Օրինակ՝ 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչև 24 ժամ: Եվս մեկ անգամ շեշտադրվել է պարտադիր կրթության համար սահմանված ժամանակից դուրս աշխատանքային գործառույթներ իրականացնելը և հստակեցվել է, թե ինչով չեն կարող զբաղվել երեխաները»,-ասաց փոխնախարարը:
Նախագծում ամրագրվել է աշխատանքային հարաբերութուններում բռնության կամ ոտնձգության հասկացությունը: Փոխնախարարը ընդգծեց, որ շատ կենսաթոշակային տարիքի մարդիկ կան, որոնք ցանկանում են շարունակել աշխատել, քանի որ սոցիալական խնդիր են լուծում: «Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածում կա աշխատանքի ազատման հիմքը: Նախագծով առաջարկում ենք հանել այդ հիմքը»,-ասաց փոխնախարարը:
Գործող կարգավորումներով գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Բացի այդ, ամրագրված է, որ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել հնարավոր չէ: Նախագծով այդ հնարավորությունը ևս սահմանվել է:
Կատարվել են նաև հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններ: Ներկայում, եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուն որևէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվող կարգավորումով սահմանվում է՝ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկել արձակուրդի:
Եթե գործատուն աշխատողին՝ իր դիմումի համաձայն արձակուրդ չի տրամադրում, ապա նախատեսվում է տուգանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով:
Գործող կարգավորումներով՝ աշխատող-գործատու հարաբերություններ սկսելուց 6 ամիս հետո էր միայն աշխատողին արձակուրդի հնարավորություն տրամադրվում: Հիմա ավելի ճկուն հնարավորություն է տրվել, դա թողնվում է աշխատող-գործատու հայեցողության վրա:
Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում: Ներկայում 30 օրվա ժամկետ կա: