Արցախցիներն անկախության այլընտրանքը չեն տեսնում, Արցախը չի հանձնվելու. Ռուբեն Վարդանյան
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում տեսակապի միջոցով իր խոսքն է ասել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ այսօրվա իրավիճակը մեզ բերել է մի շատ լուրջ դիրքորոշման և մեր մեջ ուժ ու ոգի գտնելու գաղափարին:
Ռուբեն Վարդանյանի խոսքով, անկախությունը գալիս է ոչ այնքան միջազգային կազմակերպությունների կողմից այն ընդունելուց, որքան մեր ցանկությունից, որ պատրաստ ենք դրա համար ամեն ինչ անել:
«Ես վերջին 6 ամիսը գտնվում եմ Արցախում և կարող եմ ձեզ վստահեցնել, որ արցախցիները մեծամասնությամբ այդպես են մտածում: Իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Նույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ մարդիկ կորցրել են հավատն իրենց նկատմամբ, հավատ՝ դեպի արդարություն, դեպի ղեկավարություն և ապագան: Եթե չունես այս հավատը, շատ դժվար է պայքարելը:
Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջև: 1998 թվականին, երբ Արցախում սկսեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկզբունքները՝ ով է հայը, ինչին ենք պատրաստ, ինչին՝ ոչ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնց չպատասխանելով՝ մենք չենք կարողանա շարունակել մեր ճանապարհը: Այդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, Սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք, դա Արցախի անկախությունը և ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է:
Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում՝ եթե այդ գործն անենք ամեն օր, և դա լինի մեր համար ամենակարևոր գործը: Այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա հայկական ամենակարևոր հարցերից մեկն է… Մենք ունենք խորքային խնդիրներ՝ և՛ սուբյեկտայնության հետ կապված հարցերում, և՛ անվտանգության, և՛ տնտեսական ու սոցիալական, և՛ պետական կառավարման հարցերում, և նաև գաղափարական հարթությունում, գաղափարախոսության մեջ»,- նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ մի կողմից՝ վստահ է՝ ունենք խորքային հիմքեր, որ Արցախը մնալու է հայկական, անկախ և չի հանձնվելու, բայց մյուս կողմից՝ տեսնում է այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ:
«Առաջին թշնամին մենք ենք, ոչ թե մեր դրսի թշնամին է: Մենք ենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով՝ չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք: Եթե մենք մեր մեջ չգտնենք այդ ուժը՝ միացման և հասկանալու, որ լինելով շատ տարբեր մարդիկ, տարբեր ճանապարհներ անցած, ինչ-որ հարցերում տարբեր գաղափարների տեր, ունենալով տարբեր մոտեցումներ, Արցախի շուրջ մենք բոլորս պիտի միավորվենք»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում