Ապագա հայկականի համաժողովին ընդառաջ փորձագետները մշակել են Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը խորացնելու առաջարկներ
«Ապագա Հայկական»-ի համաժողովին ընդառաջ երեք փորձագիտական հանձնախմբերից մեկում Հայաստանի և սփյուռքի տարբեր փորձագետների ներգրավմամբ քննարկվել են սցենարներ, մշակվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությունն էլ ավելի խորացնելու, հայրենիքի և սփյուռքի ներուժը առավելագույնս օգտագործելու առաջարկներ, նախանշվել են ուղղություններ, որոնք կներկայացվեն արդեն համաժողովի քննարկմանը, ապա նաև կհետևեն գործնական քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար: 5 ամիս շարունակ փորձագիտական հանձնախմբերի առկա և առցանց ձևաչափերով աշխատանքներին մասնակցել են հայկական փորձագիտական համայնքի 100-ից ավել ներկայացուցիչներ: Դրանցում քննարկվել են սցենարները, հետո դրանց հիման վրա հնարավոր առաջարկությունների փաթեթները ներկայացվելու են «Ապագա Հայկական»-ի համաժողովի քննարկմանը և մասնակիցների կողմից ընդունմանը: Հանրային քննարկման արդյունքում համաժողովի մասնակիցների կողմից կարող են լինել ռազմավարական առաջնահերթությունների շեշտում, քաղաքականություն վարելու առաջարկություններ:
«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը կարևորեց փորձագիտական հենքի հիման վրա արված առաջարկների քննարկումը համաժողովի շրջանակում: «Հայաստան-սփյուռք հարաբերությունները բազմաոլորտ են, բազմաշերտ: Նույնիսկ մեկ հանձնախմբով, մեկ համաժողովով հնարավոր չէ ամբողջ հարցերին պատասխանել, բայց կարևոր է նախանշել ապագա նպատակները, թե ինչ նպատակներ ունենք միասնականությունն ապահովելու ուղղությամբ, ինչ բացեր ունենք, որ պետք է լրացնենք, ինչ հնարավոր ինստիտուտներ կան, որ պետք է ձևավորել, որպեսզի մաքսիմալ ունենանք փոխգործակցություն սփյուռքի հետ, մաքսիմալ օգտագործենք և՛ հայրենիքի, և՛ սփյուռքի ներուժը: Այդ ներուժը ռացիոնալ օգտագործման և միասնականության կարիք ունի»,-ասաց Ապիտոնյանը:
«Ապագա հայկականը» նպատակ ունի միավորել հայության ներուժը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում՝ ձևավորելու ապագային ուղղված տեսլական և այն նպատակները, որոնց հայությունն ուզում է հասնել՝ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Դրա համար մշակվել են 15 նպատակներ:
Անդրադառնալով համաժողովի անցկացման գաղափարին՝ Ապիտոնյանն ասաց. «Նախաձեռնության համահիմնադիրների կողմից ինչ-որ պահի ըմբռնում եղավ, որ պետք է քննարկումները կրեն հանրային բնույթ: Նախընտրությունը տրվեց «քաղաքացիական ասամբլեա» մոդելին: «Քաղաքացիական ասամբլեա»-ն մասնակցային ժողովրդավարության մոդել է, որը թույլ է տալիս քննարկումներ անցկացնել, որոշումներ ընդունել և հանրության համար կարևորագույն խնդիրների շուրջ որոշակի սցենարներ, առաջարկներ մշակել՝ հանրության անմիջական մասնակցությամբ»,- ասաց նա՝ կարևորելով հանրության ակտիվ ներգրավվածությունը, որպեսզի վերջինս նույնպես մասնակից լինի իր համար կարևորագույն խնդիրների քննարկմանն ու մշակի հնարավոր լուծումներ:
Նշենք նաև՝ թափանցիկ վիճակահանության արդյունքում նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից արդեն իսկ ընտրվել են համաժողովի 200 մասնակիցները:
Այսպիսով՝ փորձագիտական հանձնախմբերը ձևավորել են այն փորձագիտական նյութը, հենքը, որը դրվելու է «քաղաքացիական ասամբլեայի» քննարկմանը: Փորձագիտական փուլից, հանրային փուլից հետո երրորդ փուլը լինելու է համագործակցային ցանցի ձևավորումը: «Համագործակցային ցանցի ձևավորման համար «Ապագա հայկականը» փորձելու է աշխատել բոլոր հաստատությունների հետ՝ Հայաստանում և սփյուռքում՝ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ներգրավելով միջազգային գործընկերների, որպեսզի ձևավորենք հնարավորինս լայն համագործակցային ցանց՝ այդ առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ»,-վստահեցրեց Ապիտոնյանը։
Ապիտոնյանը կարևորեց նաև Ապագա Հայկականի Համաժողովի սկզբունքները՝ առաջինը՝ Հայաստանում, սփյուռքում, Հայաստանի և սփյուռքի միջև միասնականության զգացման ձևավորումը, հաջորդը՝ ներառականությունը. նախաձեռնությունը բաց է բոլորի առջև, ցանկություն ունեցող ցանկացած մեկը կարող է մասնակցել: Կարևոր սկզբունքներից է նաև թափանցիկությունը, համաժողովի քննարկումները լինելու են լիովին թափանցիկ: Ամբողջ քննարկումները համարվելու են հանրային սեփականություն: Ակնկալվող արդյունքներից են հասարակության մեջ բևեռացման հաղթահարումը, քաղաքական ինստիտուցիոնալ փակուղիների հնարավոր շրջանցումը, քաղաքացիներին ակտիվացնելը, հնարավորինս համապարփակ փորձագիտական կարծիք ձևավորելը, որպեսզի բոլոր հնարավոր տարբերակները դրվեն սեղանին, քննարկվեն բոլոր հնարավոր լուծումները