Ազատ ոճի ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարը մեծ աշխարհագրությամբ կազմ էր հավաքել
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվեց Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցաշարին այս տարի մասնակցում էր 7 երկրի 130 մարզիկ:
«Ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր մասնակցությունն ունի այս մրցաշարին, որին մասնակիցներ ունենք այլ երկրներից: Աջակցելու ենք նմանատիպ մրցաշարերին, ոչ միայն ըմբշամարտում: Կանգնելու ենք մարզական ֆեդերացիաների կողքին, ինչպես հիմա կանգնած ենք ըմբշամարտի ֆեդերացիայի կողքին»,-ներկաներին դիմելով՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ներկա էր մրցաշարին: «Լյովա Վարդանյանն, իսկապես, երախտավոր է և շատ մեծ ավանդ ունի հայկական ըմբշամարտի հաջողություններում որպես մարզիչ, միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացրած մարդ, նաև մրցավար: Շատ լավ է, որ նրա հիշատակը նաև այսպես են ոգեկոչում: Շատ լավ մրցում է ստացվել բազմաթիվ թիմերի մասնակցությամբ: Հուսանք՝ այն կդառնա ավանդական և աստիճանաբար իր հարգը կբարձրացնի»,-ասաց նա:
Լյովա Վարդանյանի անվան մրցաշարի հաղթողներն են` Առաքել Մովսեսյան (57 կգ Հայաստան), Էդիկ Հարությունյան (61 կգ, Հայաստան), Դալգատ Աբդուլկադիրով (65 կգ, Ռուսաստան), Նիկիտա Դմիտրով (70 կգ, Բելառուս), Մագոմեդ Կարդանով (74 կգ, Ռուսաստան), Մոգոմեդ Աբդուլկադիրով (79 կգ, Ռուսաստան), Ալան Նայֆոնով (86 կգ, Ռուսաստան), Անդրո Մառգիշվիլի (92 կգ, Վրաստան), Վլադիսլավ Կազլով (97 կգ, Բելառուս), Պաուլադի Ամիրալի (125 կգ, Իրան):
Լյովա Վարդանյանի որդին` Ավետիք Վարդանյանը, մրցաշարը կայացած է համարում:
«Որակական տեսանկյունից լավ թիմեր էին հավաքվել: Այս տարի մրցաշարին մասնակցում էին Եվրոպայի և աշխարհի Մ23 տարեկանների հաղթողներ և մրցանակակիրներ:Կարծում եմ յուրաքանչյուր տարի առավել բարձր մակարդակի մրցաշար կկազմակերպենք»,-եզրափակեց նա: