Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը:

«Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաեւ ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձևեր ընդունելու, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձեւի համար: Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաեւ արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:

Հանդիպմանը կարևորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը:

Տեսանյութեր

Լրահոս