ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է համարել Ուկրաինայի պատերազմում միջուկային զենքի կիրառումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին:
«Այսպես կոչված՝ մարտավարական միջուկային զենքի կիրառումը միանգամայն անընդունելի է: Ժամանակն է հետ քաշվել անդունդի եզրից», – հայտարարել է Գուտերեշը փետրվարի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նստաշրջանի բացման ժամանակ։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն ականատես եղանք տառապանքների ու ավերածությունների: Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կարող է ավելի վատ լինել», – ընդգծել Է Գուտերեշը: Նման ուղերձով հանդես է եկել նաև Գլխավոր ասամբլեայի նախագահ Չաբա Քերեշին։ Նա կոչ է արել Ռուսաստանին` «վերջ տալ այս դժոխային արյունահեղությանը»։ Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է ուկրաինական բոլոր ատոմակայանների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Ռուսաստանի զորքերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի՝ Եվրոպայի ամենամեծ ատոմային օբյեկտի շուրջ շարունակվում են մարտական գործողությունները, նշել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանն անցկացվում Է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկի 1 տարվա նախօրյակին։ Փետրվարի 23-ի միջոցառմանը ելույթ կունենան տասնյակ բարձրաստիճան քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի դիվանագիտության ղեկավար Ջեյմս Քլևերլին:
Ակնկալվում է, որ հանդիպման մասնակիցները բանաձև կընդունեն՝ Մոսկվային կոչ անելով դուրս բերել զորքերը։ Միևնույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել իր «միջուկային տրիադայի» ամրապնդմանը, որի կազմի մեջ են մտնում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, ռազմավարական օդուժը և միջուկային սուզանավային հրթիռակիրները։