Մոսկվան Երևանին և Բաքվին օգնում է խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման գործում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում։

Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դրանք հիմնված են 2020-2022 թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի վրա, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, քաղաքացիական հասարակությունների միջև շփումների զարգացումը: Մենք հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման գործում»,- ասել է փոխնախարարը։

Նա նշել է, որ միասին «այս քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության պայմանների ստեղծմանը, որի արտացոլումը կլինի խաղաղության համաձայնագիրը»։

«Մեր միջնորդության էությունը կայանում է նրանում, որպեսզի ապահովվի կառուցողական և բովանդակալից երկխոսություն՝ երկու կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Այդ նպատակով հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ (խմբ.՝ Իգոր) Խովաևը կանոնավոր ուղևորություններ է կատարում Երևան և Բաքու (վերջին անգամ՝ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և փետրվարի 14-15-ը)։ Մենք նաև մեր գործընկերներին փոխանցել ենք ռուսական նկատառումները խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները», – նշել է Գալուզինը։

 

Տեսանյութեր

Լրահոս