Վստահեցնում եմ՝ անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. Անահիտ Ավանեսյանը՝ Ամուլսարի մասին
ՀՀ առողջապահության նախարար վստահ է, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու Ամուլսարի հանքի անվտանգ ու ստանդարտներին համապատասխան շահագործումը: Ավանեսյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են: Եվ ընթացքում էլ խստագույն իրականացվելու է մոնիթորինգ»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունը մշտապես հետևում է ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին: Եվ դրանց վերաբերյալ պարբերաբար որոշ գնահատականներ հնչեցնում են:
«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ ու ստանդարտներին համապատասխան շահագործում»,-նշեց Ավանեսյանը:
Հայաստանի կառավարությունը փետրվարի 22-ին 250 միլիոն դոլարի համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը