Սաստիկ բուքի հետևանքով փակվել է Վարդենյաց լեռնանցքը
Փետրվարի 22-ի գիշերային ժամերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել են ուժեղ քամիներ, իսկ բարձրլեռնային գոտիներում՝ ձնաբքեր, ինչի հետեւանքով որոշ հատվածներում դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, բքերի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում, Շատվան-Նորաբակ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհներին։ Սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է նշյալ ուղղություններում ապահովել ճանապարհների անցանելիությունը, որտեղ այժմ կատարվում են նաեւ լայնացման աշխատանքներ։ Ժամը 9:50-ի սահմաններում ուժեղ բքերի հետեւանքով փակվել է Վարդենյաց լեռնանցքը։
Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Գեղարքունիքում բոլոր ճանապարհները, բացի Վարդենյաց լեռնանցքից, հիմնականում անցանելի են: Մարզի բոլոր ճանապարհներին շարունակվում են մաքրման եւ մշակման աշխատանքները։