Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր քամիների հետևանքով հոսանքազրկվել են
Փետրվարի լույս 22-ի ամբողջ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար, Վարդենիկ բնակավայրերը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, ջեռուցման բացակայությամբ պայմանավորված՝ կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին։
Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վարդենիկում էներգամատակարումը վերականգնվել է ժամը 11-ի դրությամբ։ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի հավաստմամբ՝ Զոլաքարում էլեկտրասնուցման երկու հենասյուն է ջարդվել, խափանվել է տրանսֆորմատորային մեկ ենթակայանի աշխատանք, ինչի հետեւանքով առայժմ հոսանքազրկված են մնում երկու թաղամաս։ Մնացած թաղամասերում գիշերվանից խափանված էներգամատակարարումն արդեն վերականգնվել է։
Վաղաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Շահինյանի տեղեկացմամբ՝ Վաղաշենը բարձր լարման գծում տեղի ունեցած վթարի հետեւանքով ամբողջովին հոսանքազրկված էր մինչև փետրվարի 22-ի ժամը 11:15-ը։ Էներգամատակարարումն արդեն վերականգնվել է։
Մյուս վթարները վերականգնելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։