«Իշխանության գալու օրվանից առ այսօր ինչ փաստաթուղթ ստորագրել են, դրանք վտանգել են մեր պետականությունը». Դավիթ Գալստյան

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում  Ադրբեջանի նախագահը հույս էր հայտնել, թե առաջիկայում կկարողանան Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Ըստ նրա, սակայն, «Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, առավել ևս՝ խաղաղության պայմանագիրը» չպետք է ներառի Արցախը, քանի որ «Արցախի հարցը լուծված է»։

Հիշեցնենք, որ Մյունխենի համաժողովից առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խաղաղության պայմանագրում «Ղարաբաղի վերաբերյալ հիշատականում կա, սակայն այն վերջնական չէ»։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը պաշտոնական Բաքվի և մասնավորապես Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած հայտարարությունների մասին նախ ասաց, թե  բազմիցս են  կարծիք հայտնել ու շեշտել, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այլևս չեն ներկայացնում հայկական շահը և իրենց աթոռները պահելու համար կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։

«Այս ֆոնի վրա ակնկալել Հայաստանի իշխանություններից, որ իրենք հայանպաստ կամ արցախահայության ու Արցախի շահերին նպաստող որևէ որոշում կկայացնեն, երևի թե ֆանտազիաների շարքից է։ Այսօրվա իշխանությունները հստակ իրենց ամենօրյա գործողություններով ցույց են տալիս, որ  փորձում են իրենց իշխանությունը պահել և այդ ճանապարհին պատրաստ են ընդհուպ մինչև թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարել ու մեր հասարակությանը մոլորեցնել։ Նրանք ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի շահերից բխող որևէ թուղթ չեն կարող ստորագրել, որովհետև տեսել ենք՝ նրանց իշխանության գալու օրվանից առ այսօր ինչ փաստաթուղթ ստորագրել են, դրանք վտանգել են մեր պետականությունը»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Կարդացեք նաև

Ըստ Արցախի ԱԺ պատգամավորի՝ հայոց պատմության ողջ ընթացքում չի ստորագրվել այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք ստորագրվել են ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք։ Նրանք այդ ամենը ստորագրելով՝ ժողովրդին մոլորեցրել են, փորձել մեղավորներ փնտրել ու ներկայացնել, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենահարմար ելքն այդ փաստաթղթերի ստորագրումն է եղել։

«Անհայտ է, թե նրանք ինչ պայմաններով են խաղաղության պայմանագիր կնքում՝ ծածուկ պահելով, ժողովրդի թիկունքում անելու են մի գործողություն, և այդ փաստի հետ արդեն առնչվելուց հասարակությունն այլևս ոչինչ չի կարողանալու անել։ Դե, իսկ իշխանությունն էլ փորձելու է այնպես անել, որ հասարակությունը համակերպվի այդ փաստաթղթին։ Ակնկալիքներ չկան Նիկոլ Փաշինյանից և իր իշխանությունից, որ հայանպաստ որոշում կամ որևէ փաստաթուղթ կարող է ստորագրել»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս