«Ռուբեն Վարդանյանին նշանակելիս՝ Արայիկ Հարությունյանը մեզ հստակ ասել է՝ Ադրբեջանը դեմ էր, բայց ինքը չենթարկվեց Ադրբեջանի կամքին». Դավիթ Գալստյան
Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փետրվարի 23-ին հանդես կգա ուղերձով և կանդրադառնա մի շարք հարցերի։
Այդ գրառումից հետո, տարբեր լրատվամիջոցներ գրեցին, որ Արցախի նախագահն իր ուղերձում հանրությանը տեղեկացնելու է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու մասին։
Այս հարցին անդրադարձել էր նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, նշելով, որ Ռուբեն Վարդանյանի Արցախում գտվելը և գործունեություն ծավալելը Արցախի ներքին գործն է և չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանում։
168.am-ը Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց, թե Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանակության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կան, և, եթե իսկապես նա պաշտոնանակ արվի, սա չի՞ նշանակում, որ Արցախը կատարում է Ադրբեջանի պահանջը, այն է՝ Արցախից հեռացնել Ռ. Վարդանյանին։
«Արայիկ Հարությունյանն է Ռուբեն Վարդանյանին նշանակել, թե ինչու է հեռացնում, եթե, իհարկե, նման բան կա, ապա պետք է հստակ բացատրություններ ներկայացնի։ Ռուբեն Վարդանյանին նշանակելիս, Արայիկ Հարությունյանը մեզ հստակ ասել է, որ Ադրբեջանը դեմ էր այդ նշանակմանը, բայց ինքը չենթարկվեց Ադրբեջանի կամքին ու հորդորներին, եթե այսօր ազատում է, ուրեմն՝ հստակ բացատրություններ պետք է տա։ Մենք էլ ենք մամուլից նման տեղեկություն ստացել, եթե իսկապես Արայիկ Հարությունյանը գնում է այդ քայլին, և դա Ադրբեջանի պահանջն է՝ դա անընդունելի է։ Արցախի շրջափակման առաջին օրերին, բոլորս միասին որոշում ենք կայացրել, որ չենք տրվելու Ադրբեջանի պահանջներին, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մենք դառնանք բանակցող կողմ և լիիրավ անդամ, չենք տրվելու Ադրբեջանի սադրիչ ծրագրին»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե պարզվի, որ իսկապես Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հեռացնել Ռուբեն Վարդանյանին, ապա դրա դեմ իրենք իրենց դժգոհությունը կարտահայտեն ու կներկայացնեն իրենց պահանջները։
«Այստեղ հարցը ոչ թե Ռուբեն Վարդանյանն է կամ մեկ անուն, ազգանուն, այլ երևույթը։ Եթե Ադրբեջանի պահանջով Արցախում իրականացվում է կադրային քաղաքականություն՝ անընդունելի է»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։