Ոստիկանները եթե ներողություն խնդրող լինեին, նման կերպ չէին վարվի մայրերի հետ. Գարիկ Գալեյան
«Ոստիկանները եթե ներողություն խնդրող լինեին, նման կերպ չէին վարվի մայրերի հետ, քարշ տալով բերման չէին ենթարկի»,- զոհված զինծառայողների ծնողներին վարչական տույժի ենթարկելու՝ ոստիկանության բողոքի քննությունից հետո դատարանում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
Խոսելով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ձերբակալման և զոհված զինծառայողների ծնողների՝ գնալու և նրա կողքին կանգնելու մասին՝ Գարիկ Գալեյանը նշել է.«Բոլոր բարձրաստիճան սպաները պետք է պատրաստ լինեն, միահամուռ իրար կողք կանգնեն: Արագացված բոլորին ձերբակալել, կալանավորելով, կարծում եմ՝ իշխանությունները Ալիևի պատվերն են կատարում, քանի որ Խաչատուրովը Տավուշյան մարտերի ժամանակ համար մեկ գեներալներից մեկն է, ում կողմից ադրբեջանցիները իրենց պարտված են զգացել»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, և պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկի, քանի որ ծնողները սեպտեմբերի 21-ին թույլ չէին տալիս ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին գնալ և ծաղիկ խոնարհել իրենց որդիների շիրիմներին: Ոստիկանները բռնություն կիրառելով՝ բերման ենթարկեցին ծնողներին: