Բաժիններ՝

Տեսա՞ր՝ ի՞նչ եղավ… Թաթոյանի բացահայտումները, Նավակ ճոճողի սպառնալիքներն ու Վարդենիսի տուն-ինտերնատի ձերբակալված տնօրենը

2019թ. մարտի 6-ին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրեց՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ազատվում է նախկին նախարար Մանե Թանդիլյանի կադրերից: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Սմբատ Սիմոնյանի հետ նախարար Բաթոյանը հրաժարվել է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը՝ նրա հետ հանդիպմանը չհիմնավորելով իր դիրքորոշումը:

Հետաքրքրականն այն է, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար նախարարությունն արդեն երկար ժամանակ նախընտրում էր պարբերական ժամանակավոր  նշանակումներով հաստիքը թափուր պահել: Տուն-ինտերնատում ֆիքսել էին՝ նախարարության հատուկ վերաբերմունքը, պատճառները պետք է փնտրել նորանշանակ ղեկավարի հետ նախարար Բաթոյանի ունեցած կապերի մեջ:

Իսկ այդ կապը, պարզվում է ՝ Նավակ ճոճող անվամբ սոցցանցում հայտնի ակտիվիստ՝ Նիկոլ Փաշինյանի թիմակից, նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիլեն Գաբրիելյանն է, այժմ՝ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր: Այս մասին դեռևս 2019թ. մարտին հայտնել էին 168.am-ի աղբյուրները:

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն նշանակված Կարեն Խաչատրյանը Վիլեն Գաբրիելյանի ընկերական միջավայրից էր, և, ըստ ամենայնի, հենց նրա միջնորդությամբ էր այս նշանակումը իրականացվել՝ հաշվի առնելով նախարար Բաթոյանի հետ Վիլեն Գաբրիելյանի կուսակցական և ընկերական ջերմ կապերը: Բայց այս նշանակման հետ կապված ուշագրավ տեղեկատվությունը միայն տնօրենի ընկերական կապերով չէր պայմանավորված: Այս նշանակման հիմքում կեղծ աշխատանքային գրքույկի մասին տեղեկություններ կային:

Մեզ հետ զրույցում Կարեն Խաչատրյանը հերքել էր այդ տեղեկությունը:

Ինչևէ, Կարեն Խաչատրյանը պաշտոնավարեց, և ըստ երևույթին բավականին «հավատարմորեն», որովհետև ոչ մի քամի նրա կողքով անցնող տարիների ընթացքում այդպես էլ չանցավ: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի հիվանդները շահագործվում էին անխնա կերպով, բայց քանի որ «մասնակցում էին» Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքներին՝ գլխաքանակ ապահովելու համար, ոչ ոք դա չէր տեսնում:

Այն, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի հավաքին համակարգել է այդ ժամանակ դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը, արձանագրել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ»,- իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասել էր ՀՀ ՄԻՊ-ը:

Սրան հետևեց մի իսկական արշավ Արման Թաթոյանի դեմ:

«Բարի կեսօր ընկերներ, եկել եմ ասեմ, քանի որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը անտեսել է մարդկային հորդորս՝ ի պաշտոնե իր բարձրաձայնած կեղծիքի համար ներողություն խնդրելու, ապա հայտնեմ, որ օմբուդսմենի հայտարարությունը ակնհայտ զրպարտություն է, վնաս է հասցնում իմ պատվին և արժանապատվությանը, հետևաբար, եկող շաբաթվա ընթացքում դիմելու եմ դատարան` պաշտպանելու իմ իրավունքներն ու օրինական շահերը: Այնուհետև դիմելու եմ դատախազին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով»,- գրել էր Վիլեն Գաբրիելյանը թեմայի վերաբերյալ հերթական գրառման մեջ:

Ավելի վաղ նա Արման Թաթոյանին առաջարկել էր ներողություն խնդրել:

Թաթոյանը, բնականաբար, ներողություն չխնդրեց, իսկ Վիլեն Գաբրիելյանն էլ, չգիտես ինչու, իր բարի համբավն ու պատիվը արատավորելու վերաբերյալ իրավական ընթացակարգ չսկսեց նրա դեմ: Բայց սա իմիջիայլոց:

2021թ. նոյեմբերի 24-ին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել էր նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա պայմաններին։

Տնօրենն այդ ժամանակ, հիշեցնենք, կրկին Կարեն Խաչատրյանն էր, ինչպես հիմա արդեն մամուլն է գրում, Վիլեն Գաբրիելյանի «բաժակի» ընկերը:

Արման Թաթոյանն այնքան խնդիրներ էր արձանագրել Վիլեն Գաբրիելյանի ընկերոջ ղեկավարած տուն-ինտերնատում, որոնք ուղեկցել էր համապատասխան ֆոտո-ապացույցներով, որ զարհուրել կարելի էր միայն այն մտքից, թե այդ պայմաններում ինչպես կարող են հոգեկան առողջության հետ կապված ու նյարդային լրջագույն խնդիրներ ունեցող անձանց պահել:

Նախկին Պաշտպանը, ի թիվս այլ աղաղակող խնդիրների, արձանագրել էր հետևյալը՝ «արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. մատյանները պատշաճ չեն վարվում, խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ և այլն»:

Սա առայժմ հիշենք. 2021թ. նոյեմբերի 24…

Ավելի վաղ՝ նույն տարվա հունիսին, Գլխավոր դատախազությունն էր զբաղվել Վարդենիսի նշված տուն-ինտերնատով՝ արձանագրելով, որ Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:

Երեկ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատից հերթական զարհուրելի լուրը ստացվեց:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ այդ տեղեկությունների՝ հիվանդներից մեկը տնօրենի խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն:

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:

Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Վիլեն Գաբրիելյանի ընկերը, ի վերջո, ձերբակալվեց: Թե ինչ ընթացք կստանա այս վարույթը, եթե այդպիսին, իհարկե, լինի, կհասկանանք հաջորդիվ, սակայն պետք է հերթական անգամ արձանագրել՝ ՔՊ-ական հովանավորչության, դիլետանտության, ապիկարության խոյընթաց քաղաքականությունը քանդում է պետությունը վերից վար:

Տեսանյութեր

Լրահոս