Ամենաշատ զենքը հակառակորդին է հանձնվել Նիկոլ Փաշինյանի և իրենց իշխանության ժամանակ. Սեյրան Օհանյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հունվարի 28-ին «Եռաբլուրում» հայտարարել է, թե սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել: Սասուն Միքայելյանն ընդգծել է, թե խոսքը ոչ թե բանակի զինվորներին է վերաբերել, այլ ռազմաքաղաքական էլիտային։
«Ինչո՞ւ եմ էդպես ասել, որովհետև, երբ բանակ կաշառք է մտնում, էդ բանակը չկա։ Ինձ էն մարդիկ են արձագանքել, որոնք բանակում հիմնականում թալան են արել»,- ասել է Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ թալանը շարունակվել է նաև 2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի պնդումներին՝ նշեց. «Այդ անհեթեթ մեկնաբանություններին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև մեր բանակն անընդհատ կատարելագործվել է, իր առջև դրված խնդիրը կատարել է: Այս վերջին տարիներին է, որ բանակը իջեցրել է իր մարտունակությունը, և դրա համար ենք հասել անվտանգային այս մակարդակին»:
Դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիներին գնվել է ավելի շատ սպառազինություն, քան ՀՀ մյուս ղեկավարների իշխանության տարիներին, մեր զրուցակիցը հակիրճ արձագանքեց. «Բանակի մասին պետք է տեղեկություններ ունենաս, որ մեկնաբանես. ամենաշատ զենքը հակառակորդին է հանձնվել Նիկոլ Փաշինյանի և իրենց իշխանության ժամանակ:
Ի դեպ, սպառազինության գնմանն առնչվող թվերը, որոնք Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրել է Սասուն Միքայելյանը, հենց Նիկոլ Փաշինյանն է շրջանառության մեջ դրել:
2021 թվականի հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Գյումրիում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության 7 տարիների ընթացքում ՀՀ-ն ձեռք է բերել 100 միլիոն դոլարի զենք-զինամթերք, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք 10 տարվա ընթացքում ձեռք է բերվել 121 միլիոն դոլարի զենք-զինամթերք, Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիներին Հայաստանը ձեռք է բերել 247 միլիոն դոլարի զենք-զինամթերք: Իմ վարչապետ դառնալուց հետո մինչև 44-օրյա պատերազմը ՀՀ-ն ձեռք է բերել 248 միլիոն դոլարի զենք-զինամթերք»:
168.am–ը «Որքան զենք է գնվել նախկին նախագահների օրոք՝ ըստ Փաշինյանի» հրապարակմամբ ճշգրտել էր թվային այս մանիպուլյացիան՝ հիշեցնելով, որ, օրինակ, «զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված»: