Մարգարայի կամրջի վերանորոգման մասին որոշումը Կառավարությունն ընդունել է դեռ 2020 թվականին
Դեռևս 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր որոշման նախագիծ՝ Հայաստանը Թուրքիային կապող ցամաքային ճանապարհի՝ Մարգարայի կամուրջը վերանորոգելու վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ:
Նախագծով առաջարկվում է վերանորոգել ճանապարհներից` Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ45+300-կմ53+000 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար 1,732,805.2 հազար ՀՀ դրամ և Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման կմ 1+300-կմ 3+600 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառայությունների համար 434,645.0 հազար ՀՀ դրամ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել»,- նշված է որոշման մեջ։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով այս որոշմանը, նշեց, որ առհասարակ կառավարության նիստերում իշխանությունը սովորություն ունի, եթե ճանապարհ է վերանորոգում, միանգամից սարքում է «հայոց հարց»։
«Սակայն այդ փուլում, հատկապես 2020 թվականին, որը համընկնում էր Տավուշյան դեպքերի հետ, այս հարցում առհասարակ լռություն էր պահպանվել։ Միայն 2021-2022 թվականին Շիրակի այն ժամանակվա մարզպետը գրառումներ արեց, հետո Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ գաղտնիության հարց չէր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։