Ո՞ւմ միջոցով է Հայաստանն իր առաջարկները փոխանցել Ադրբեջանին, կասկածներ կան՝ Թուրքիայի. Գեղամ Մանուկյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին, Անիի կամուրջը վերականգնելու հարցում Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությանը և Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցին։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի գնահատմամբ՝ Անիի կամրջի վերականգնումը սենտիմենտալ, հուզական քայլ է։
«Ցանկացած հայի համար Անին հիշատակ է, և Անիի մայր տաճարն արդեն երկար ժամանակ վերականգնվում է, տարիներ առաջ է Թուրքիայի տուրիզմի նախարարությունը սկսել վերանորոգումը։
Հայաստանն անմիջապես ստրատեգիական սխալ արեց պատերազմից հետո, երբ փորձեր արեց թաղվելու, խճճվելու իբր Թուրքիայի հետ երկխոսության մեջ, այդ ժամանակ հստակ զգուշացնում էին, որ հիմա Թուրքիայի հետ հնարավոր չէ հավասարը հավասարի հետ երկխոսություն»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ այժմ Թուրքիայի նախորդ պահանջներին ավելացել է «Զանգեզուրի միջանցքի», Արցախի կարգավիճակի հարցը և այլն, այսինքն՝ Թուրքիան առիթն օգտագործեց Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։
«Հատկանշական մեկ փաստ՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարում է, որ երեկ ավարտեցինք և Բաքվին փոխանցեցինք առաջարկների փաստաթուղթը, և նույն օրը Արարատ Միրզոյանը Թուրքիայում է: Առայժմ հարցում եմ նախապատրաստում, թե այդ փաստաթուղթն ում միջոցով են փոխանցել, բայց հատկանշական է, որ այն օրը, երբ Ադրբեջանին փոխանցվել է հայկական առաջարկները, Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր։ Նաև փորձագիտական տեսակետներ կան, որ առաջարկները փոխանցվել են Թուրքիայի միջոցով»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում