Տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը

Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն:

Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը:

Հայաստանի համար նոր գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա 4 տարիների հիմնական առաջնահերթությունները:

«Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանն ու հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»,-ասաց Միրզոյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
ԱԳ նախարարը գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը համարեց խոստումնալից, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող, այս գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության գործողությունների ծրագրում:

«Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը անկյունաքարային են բարեփոխումների համար: Միաժամանակ շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կայուն հաջողություն ու շոշափելի արդյունքներ ունենալու համար»,-ասաց Միրզոյանը՝ այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հայաստանի բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորել են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար:

Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը բարձր է գնահատում իր ավանդական գործընկերների՝ ԵՄ-ի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, նաև Ավստրիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ռումինիայի և այլ երկրների, կազմակերպությունների կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողություններն ու փորձը:

«Գոհունակությամբ արձանագրում ենք, որ գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն ՀՀ քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտների, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց ՀՀ իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը՝ գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը:

Հիշեցնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացնելու մասին՝ Միրզոյանը շեշտեց, որ, չնայած Հայաստանի և նրա ժողովրդավարության դեմ ուղղված այդ քայլերին և առկա սուր մարտահրավերներին, Հայաստանը հավատարիմ է մնում իր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար շարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: «Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է»,-եզրափակեց ԱԳ նախարարը:

Նախքան միջոցառումը ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն քննարկում են ունեցել՝ անդրադառնալով համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի:

Տեսանյութեր

Լրահոս