ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկու նոր անցակետերով օգնության առաքման հարցը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրվարի 15-ին ողջունել է Դամասկոսի համաձայնությունը՝ բացելու երկու լրացուցիչ անցակետեր՝ Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Գուտերեշը հեռախոսով բանակցություններ Է վարել Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ։
«Քննարկվել է Սիրիայի հյուսիսում գտնվող «Բաբ էս-Սալամ» և «Էր-Ռայի» անցակետերով տուժած բնակչության համար մարդասիրական բեռների առաքման հարցը», – ասված է Արաբական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը։
Ըստ հայտարարության՝ Գուտերեշը նախարարին տեղեկացրել է «ՄԱԿ-ի կողմից ձեռնարկված միջոցների մասին՝ տարերքի հարվածից տուժած սիրիացիներին աջակցելու համար անհրաժեշտ ֆինանսավորում հավաքագրելու նպատակով»։
Իր հերթին Միքդադը երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «Սիրիայի պետությանն աջակցելու անձնական ջանքերի համար և հաստատել կառավարության ձգտումն՝ օգնելու տուժածներին երկրի ամբողջ տարածքում»։
«Երկրաշարժն ավելի ավերիչ հետևանքներ ունեցավ այն պատճառով, որ այն տեղի ունեցավ ահաբեկչության դեմ 12 տարվա պատերազմից և ավազակային կազմավորումների քայքայիչ գործողություններից հետո», – ասել է Միքդադը։
Բացի դրանից, նրա խոսքով՝ վերակառուցման գործընթացին և տնտեսական ներուժի վերականգնմանը խոչընդոտել են Արևմուտքի միակողմանի հարկադրական պատժամիջոցները։ Փետրվարի 14-ին Գուտերեշը հայտարարել Էր ՄԱԿ-ի՝ 397 միլիոն դոլարի մարդասիրական հայտի մասին՝ եռամսյա ժամանակամիջոցում երկրաշարժի հետևանքների վերացման նպատակով Սիրիային օգնության համար:
Նա հիշեցրել Է, որ փետրվարի 9-ին ՄԱԿ-ի կողմից ստեղծված Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի միջոցով համաշխարհային կազմակերպությունն արդեն 50 մլն դոլար է հատկացրել այդ նպատակների համար: