Բլինքենն առաջիկա օրերին կայցելի Գերմանիա, Թուրքիա և Հունաստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուղևորվում Է եվրոպական շրջագայության. փետրվարի 16-ից մինչև 22-ը նա կայցելի Թուրքիա, Հունաստան և Գերմանիա, ինչպես նաև ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովին:

Բլինքենի ուղևորությունը կսկսվի Գերմանիա այցով, որտեղ փետրվարի 16-ին նա կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:

Համաժողովի շրջանակներում Բլինքենը կանցկացնի մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկի աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային: Կքննարկվեն նաև անդրատլանտյան անվտանգության թեմաներ։

Այնուհետև Բլինքենը փետրվարի 19-ին կմեկնի Թուրքիա՝ «Ինջիրլիք» ավիաբազա, այնտեղից՝ Անկարա, որտեղ հանդիպումներ կունենա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Հունաստանը կլինի ճամփորդության վերջնակետը: Աթենքում Բլինքենը հանդիպում կանցկացնի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի և ընդդիմության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի հետ՝ քննարկելով պաշտպանական ոլորտում համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը։ Փետրվարի 21-ին Բլինքենը կտա ԱՄՆ-Հունաստան ռազմավարական երկխոսության չորրորդ փուլի մեկնարկը:

Տեսանյութեր

Լրահոս