157 մլն դրամ՝ Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 157 մլն 816 հազար դրամ: Տեղեկացանք, որ այդ գումարը տրամադրվելու է Թուրքիայի եւ Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ եւ անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Նկատենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Թուրքիայում խլել է 41 հազարից ավելի մարդու կյանք, Սիրիայում ՝ 5 հազարից ավելի:

Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել եւ եկել այն եզրակացության, որ այն պիտանի է:

Երեկ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է Թուրքիա մեկնել, հանդիպումներ ունեցել եւ այցելել նաեւ այնտեղ ծառայություն իրականացնող հայ փրկարարներին»:

Տեսանյութեր

Լրահոս