Իսլամականները փախստականների անվան տակ փորձում են ներթափանցել Եվրոպա
Եվրոպայում վախենում են, որ Սիրիայի ջիհադականներն աննկատ կներթափանցեն Հին մայրցամաք: Այս մասին գրում է չեխական «iDNES»-ը: Այս անհանգստությունը հիմք ունի. նման օրինակներ արդեն կան: Ջիհադականները կռվում են Ուկրաինայում եւ այդ երկրի քաղաքացիություն ունեն, ինչի շնորհիվ հանգիստ կարող են հատել սահմանն այն ուկրաինացիների հետ միասին, ովքեր ձգտում են հակամարտությունից թաքնվել Արեւմուտքում:
Բացառված չէ, որ որոշակի, այդ թվում՝ ահաբեկչական ուժեր կան այսպիսի ներթափանցման հետեւում, եւ Սիրիայի ջիհադականները հենց Եվրոպա անցնելու համար են մեկնում Ուկրաինա՝ իրենց քայլը բացատրելով իբր Ռուսաստանի դեմ պատերազմելու նպատակով: Դա սոսկ արտաքին ձեւն է, իսկ նպատակը Եվրոպան է, որի իսլամացման ծրագրերի հետեւում թաքնված են հայտնի ծայրահեղական ուժեր, ինչպես նաեւ պետություններ, որոնք սատարում են նույն այդ ուժերին: Ուշագրավ է, որ իրենց նպատակին հասնելու համար նրանք օգտագործում են Ուկրաինայի անունը, ինչը վերջնարդյունքում Եվրոպայում ատելություն է սերմանելու Ուկրաինայի հանդեպ:
Ինչեւէ, եթե դատենք՝ ելնելով արտաքին ձեւից, ապա պետք է արձանագրենք, որ Սիրիայի տասնյակ ջիհադականներ կռվում են ուկրաինական կողմում: Նրանցից շատերն արդեն ուկրաինական քաղաքացիություն ունեն: Հիմա նրանք կարող են միանալ ուկրաինացիներին, անցնել Եվրոպա ու ապաստան խնդրել: Բայց, կարելի է ասել, այդ վտանգը լիովին ընկալվում է համապատասխան մարմինների կողմից. եվրոպական պետությունների հատուկ ծառայությունները պարզապես զտում են սահմանը հատած մարդկանց:
Սլովակիայում արդեն ձերբակալել են առաջին մարդուն, ով կապ ունի ահաբեկչական գործողությունների հետ եւ այդ երկիր է անցել Ուկրաինայից: Ուկրաինայում Սիրիայից ջիհադիստ մարտիկների հայտնվելու մասին տեղեկությունն առաջին անգամ հրապարակել են թվիթերյան ջիհադական կամ, այսպես ասած, ջիհադամետ էջերը՝ դա հաստատելով լուսանկարներով։ Այսպես՝ համացանցում, օրինակ, հայտնվել են սիրիական նախկին էմիր Աբդուլլահ-Հաքիմ Շիշանիի լուսանկարները։ Նա նշանակվել է ռուսների դեմ կռվող «Իչկերիա» (Չեչնիա) ջոկատի հրամանատար։
Մյուս հրամանատարների հետ հանդիպումները նաեւ տեսանկարահանվել են, որոնք հասանելի են յութուբյան ալիքում։ Սիրիացի մարտիկը նկարահանվել է չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախկին վարչապետ Ահմեդ Զաքաեւի հետ: Նրանցից ոմանք հայտարարում են, որ հեղափոխականների կողքին կռվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։
«Մեզ դա հայտնի է, բայց շատ դժվար է հավատալ դրան: Այդ հարցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները: Իհարկե, ճիշտ է, որ մեզ մոտ էլ չեչենական ծայրահեղականության դեպքեր կան, որոնց կողմնակիցներն այժմ կռվում են Ուկրաինայի մարտական ջոկատներում»,- ասել է Բռնոյի Մասարիկի անվան համալսարանի էքստրեմիզմի գծով մասնագետ Միրոսլավ Մարեշը:
«Անկասկած, ծայրահեղական մահմեդականներից ինչ-որ մեկը կարող է հասնել մեր երկիր: Այստեղ դեր է կատարում նաեւ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» պարտության գործոնը»,- ավելացրել է Միրոսլավ Մարեշը:
Սլովակիան «Ինտերպոլին» է տրամադրել ահաբեկչության մեջ մեղադրվող տղամարդու անհատական տվյալները, իսկ «Ինտերպոլը» որոնում է Սիրիայից Եվրոպա ուղեւորված ծայրահեղականներին: «Ըստ առկա տեղեկատվության՝ մի քանի օր առաջ անլեգալ միգրանտների շրջանում հայտնաբերվեց ահաբեկչական խմբավորման անդամ Իբրահիմ Ա.-ն»,- անցած տարվա վերջին հայտարարել է սլովակ պատգամավոր Շուտայ Էշտոկը:
Հարկ է նշել, որ իսլամականներն աստիճանաբար եւ աննկատ են ներթափանցում Արեւմուտք: «Հիմա բոլորը վախենում են, որ իսլամականները, ովքեր կռվում են Ուկրաինայում, իրենց կանանց ու երեխաներին ուղարկում են Եվրոպա: Հարց է, թե ինչ կլինի, երբ զինված հակամարտությունը հասնի պատային կետի, իսկ նրանք արդեն ուկրաինական անձնագիր կունենան եւ կկարողանան ճանապարհ ընկնել»,-«iDNES»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:
Կարծիք կա, որ ջիհադականներն Ուկրաինայում կարող են կռվել միայն նրա համար, որ հետո կարողանան «անհետանալ» ուկրաինացիների մեջ: Եվ չնայած Ուկրաինան Եվրամիության անդամ չէ, եւ նրա քաղաքացիների համար այնքան էլ հեշտ չէ հանգիստ տեղաշարժվել Եվրոպայի տարածքում, միեւնույն է, ջիհադականների համար նոր հնարավորություններ են բացվում:
Չեխիայի Հանրապետության ոստիկանությունն ու Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը ստուգում են այն մարդկանց մասին տեղեկությունները, որոնք երկիր են ժամանում Ուկրաինայից: «Մեզ մոտ եկողների հարցերով զբաղվում են ոստիկանությունն ու ներքին գործերի նախարարությունը, սակայն մեր Տեղեկատվության եւ անվտանգության BIS ծառայությունն այժմ օգնում է նրանց հիմնական տվյալների ստուգման հարցում: Եթե Սլովակիան ինչ-որ տեղեկատվություն ունի, ապա, անկասկած, դրան մենք էլ ենք տիրապետում: Ինչ վերաբերում է Չեխիայի տարածքում տեղաշարժերին, ապա ներկա պահին նման տվյալներ ես չունեմ»,- «iDNES»-ին ասել է Տեղեկատվության եւ անվտանգության BIS ծառայության մամուլի քարտուղար Լադիսլավ Շտիխը:
Ուկրաինայում նույնիսկ բանակային իմամներ են հայտնվել` հոգեւորականներ մահմեդականների համար, որոնք մասնակցում են զինված հակամարտությանը: «Նրանք հայտնվել են այն ժամանակ, երբ որոշ թաթարներ ցանկություն հայտնեցին կռվել Ռուսաստանի դեմ»,- ասում է Պրահայից մահմեդական Լեոնիդ Կուշնարենկոն, որն ուկրաինական արմատներ ունի եւ գլխավորել է պրահյան մահմեդական համայնքը: «Փախստականների շրջանում ծայրահեղականներին կարելի է ճանաչել նրանց պահվածքով»,- ավելացրել է նա:
Եվրոպայում շատերն են կոչ անում մոռանալ կոռեկտությունն ու ամեն կերպ դուրս մղել իսլամական ծայրահեղականներին աշխարհամասից: Ըստ նրանց՝ ծայրահեղ իսլամական ահաբեկիչները նման են եսասեր ու արնախում հրեշների, որոնց հնարավոր չէ բարի դարձնել ոչ հյուրասիրությամբ եւ ոչ էլ հանդուրժողականությամբ. նրանք Արեւմուտքին միշտ թշնամի կհամարեն: Եվ չարժե հարց հնչեցնել, թե ինչու է հրեշը հարձակվում: Դա նրա բնույթն է: Նրա բնավորությունը նախանձ է, ատելություն, թշնամանք ու քաղց: Դու փախչում ես, փորձում ես համոզել, մեռած ես ձեւանում, բայց այդ ամենը նշանակություն չունի: Նրա անունը սարսափ է, եւ դու նրա զոհն ես: Եվրոպան արդեն հասկանում է դա…
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ