Հատկապես ամռանը մայթով քայլելը լուրջ խնդիր է, սրճարաններ են․ Լևոն Զաքարյան
Երևանի ավագանին որոշեց սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։
Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքը տրամադրվում է բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ մայթի առավելագույնը մինչև վաթսուն տոկոսի չափով հատվածում՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին, կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, սպասարկման համար անհրաժեշտ շարժական պահարան, տարածքին էսթետիկական պատշաճ տեսք արտահայտող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ էլեմենտներ, բազրիքներ, ինչպես նաև հովանոցներ կամ առանց կրող կամ լրացուցիչ հենասյուների տեղադրում պահանջող ծածկոցներ։ Նախորդ նախադասությամբ ամրագրված 1,8 մետր լայնության պահպանման պահանջը չի տարածվում տնտեսվարող սուբյեկտների դեպի Ա. Պուշկինի, Ա․ Թամանյանի և Մ. Սարյանի փողոցներ ուղղված ճակատային հատվածների վրա։
Տարածք տրամադրվում է շինությանը կից հատվածից մինչև մայթի եզրը, բացառությամբ կանաչապատ գոտին, մայթի նույն ուղղությամբ գտնվող սրճարաններին ճակատից հավասար հեռավորության վրա։ Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող հովանոցները կարող են լինել կամ միագմբեթ, կամ բազմագմբեթ՝ կենտրոնական հենարանով։
Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին հարցրեց, թե ի՞նչ չափեր պետք է ունենա տվյալ սրճարանը, որովհետև հատկապես ամռանը լուրջ խնդիր է կենտրոնում քայլելը, սրճարաններն այդ տարածքները զբաղեցնում են և շատ տեղերում ստիպված կամ միջով ես անցնում, կամ դուրս գալիս երթևեկելի գոտի։
Հովիկ Սաֆարյանը պատասխանեց, որ չեն եղել չափորոշիչներ, դրա համար այս նախագիծն է ծնվել, և հիմա սահմանվում են հստակ չափորոշիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում