Տպավորություն է՝ թաղապետի օգնականի հաստիքը բացել եք, որ շտաբի պետերին գործի տեղավորեք․ Հարությունյան
Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Տեղեկացրեց, որ առաջարկվում է ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում իրականացնել։ Օրինակ՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու, առաջատար մասնագետ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ Նախատեսվում է նաև փոփոխություն քաղաքապետի օգնականի առնչությամբ, և այլն։
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև տեսուչների մոտ 90 հաստիքի կրճատման մասին, որը պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ՝ այսուհետև համայնքի ծառայությունների դիմաց վճարումները միայն անկանխիկ են լինելու։
ԲՀԿ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը խոսքն ուղղելով Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց․ «Տպավորություն է, որ թաղապետի օգնականի հաստիքը բացել եք, որ առաջիկա ընտրություններին թոփ շտաբի պետերին տեղավորեք գործի, որ պրոբլեմ չունենան, թոշակի նման աշխատավարձ ստանան՝ որպես ձեր կողմից շնորհակալություն»։
Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները միշտ ունեցել են մի անձ, որն այլ ստորաբաժանումում գրանցված լինելով՝ օգնականի պարտականություն է կատարել, հիմա իրենք ամեն ինչ իրենց տեղն են դնում։