
Ալեն Սիմոնյանը Կիհուն Սոնի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԺ Կորեա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը շեշտվել է հայ-կորեական երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:
Քննարկվել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման հնարավոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական, գիտական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունը:
Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպանության բացումը, որը մեծ առաջընթացի հնարավորություն կտա հայ-կորեական հարաբերություններում:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանին, մասնավորապես, Ազգային ժողովին ցուցաբերած աջակցությունը՝ ակնկալելով շարունակականություն:
Գործընկերները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին եւ դրա հետեւանքներին վերաբերող հիմնախնդիրներ:
«Մենք գնահատում ենք Կորեայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ եւ հույս ունենք, որ Կորեան կշարունակի աջակցել միջազգային միջնորդների ջանքերին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերներից ակնկալում է հասցեական քայլեր՝ պահանջելու Ադրբեջանից լիարժեքորեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, անմիջապես ու անվերապահորեն վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ապահովելով տրանսպորտային հաղորդակցության անվտանգ եւ ապահով կազմակերպումը: