ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը կոչ է արել երկու նոր անցակետեր բացել Սիրիայում անդրսահմանային օգնության համար
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում քվեարկել Սիրիայում երկու լրացուցիչ անցակետեր բացելու վերաբերյալ բանաձևի օգտին՝ անդրսահմանային օգնության առաքման նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությունից։ «Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը պահանջում է միջազգային հանրության հրատապ գործողությունները: Այս պահին յուրաքանչյուր ժամ նշանակություն ունի:
Մենք ՄԱԿ-ի ղեկավարությունից կոչեր ենք լսել, որ Անվտանգության խորհուրդը պետք է թույլատրի երկու լրացուցիչ անցակետերի բացումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարդկանց կենսական օգնություն հասցնելու համար: Տուժած շրջանների ժողովուրդը հույս է դնում մեզ վրա, – ասել է դիվանագետը: «Մենք պետք է անհապաղ քվեարկենք բանաձևի օգտին…»: Փետրվարի 9-ին աշխատանքը վերսկսել է «Բաբ ալ Հավա» անցակետը, որով Թուրքիայից մարդասիրական օգնություն է հասցվում Սիրիայի հյուսիս-արևմուտք։ Ըստ ТАСС-ի՝ սա միակ անցակետն է, որը գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված անդրսահմանային օգնության մեխանիզմի շրջանակներում։ Երկրաշարժից հետո այն փակել էին ճանապարհի վնասման պատճառով, դրա թողունակությունը նվազել է։
Անդրսահմանային օգնության համար լրացուցիչ անցակետերի բացմանը ձգտում են արևմտյան երկրները և ՄԱԿ-ը։ Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը փետրվարի 9-ին հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կկարողանան համաձայնության հասնել Թուրքիայից Սիրիա օգնության փոխադրման լրացուցիչ անցակետեր բացելու վերաբերյալ։ Սիրիան պնդում է, որ մարդասիրական օգնությունն երկրի ամբողջ տարածքում պետք է տրամադրվի Դամասկոսի կենտրոնական իշխանությունների գիտությամբ: