Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում նկատվում է զարգացման բարձր դինամիկա. Հնդկաստանի դեսպանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:
Ն.Գ. Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը: