Հասմիկ Հարությունյանը հանդես կգա երևանյան մենահամերգով
Օպերային երգչուհի Հասմիկ Հարությունյանը, որը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես կգա երևանյան մենահամերգով: Համերգային երեկոն տեղի կունենա փետրվարի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հասմիկ Հարությունյանը, գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում, նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։
Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։
Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցությում արժանացել է երկրորդ մրցանակին, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին, Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։ 2015 թվականից մինչ օրս հանդիսանում է «Օպերա վիվա» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։
2018-ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։
2021 թվականից միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։