Բաժիններ՝

Փաստաբաններին՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ  աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ փաստաբաններին՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ  աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին որևէ ահազանգ չի ներկայացվել։

«Այսօր՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։

Նախ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար, որին, ի դեպ, բազմաթիվ զանգեր են ստացվում հենց մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից։ Ներկայացված ահազանգերով Պաշտպանի հաստատության իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում իրականացվում են արագ արձագանքման այցեր։

ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ փաստաբանի կողմից ՄԻՊ աշխատակազմի ընդունարանի քաղաքային հեռախոսահամարին ոչ աշխատանքային ժամին իրականացված զանգն անպատասխան մնալը չի կարող որևէ կերպ գնահատվել Պաշտպանի հաստատությանը դիմելու կամ աշխատակազմի կողմից անգործություն դրսևորելու միջոց՝ դրանով իսկ ստվերելով Պաշտպանի հաստատության գործունեությունն ու հեղինակությունը։

Ավելին՝ հանրահայտ է, որ Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա 116 թեժ գծի հեռախոսահամարը և այդ հեռախոսահամարի միջոցով է, որ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ոչ աշխատանքային ժամերին կարողանում են դիմել Պաշտպանի հաստատությանը և ստանալ աջակցություն։

Ուսումնասիրությունը ևս վկայում է, որ փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել, իսկ փաստաբանի կողմից պատշաճ հեռախոսահամարին ահազանգը չներկայացնելը դիտարկվել որպես աշխատակազմի անգործություն։

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է պատվով կտարել իր առաքելությունը, և ինչպես արդեն հրապարակել ենք Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքով Պաշտպանի ժամանակվոր փոխարինողի որոշմամբ սկսվել է նշված հարցի քննարկման ընթացակարգ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս