
«Այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին». Քերոբյան

Հայաստանում մշակող արդյունաբերությունը 2022 թվականին աճել է, ՀՆԱ-ի կառուցվածքում այն կազմել է շուրջ 12 տոկոս: Այս մասին ԱԺ-ում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է և թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է՝ կազմելով 1.8 տրլն դրամ, փոխարենը մի փոքր նվազել է հանքարդյունաբերությունը»,- ասաց Քերոբյանը:
Նա վստահեցնում է՝ դա կառավարության՝ տրամաբանորեն գծված պլանների շրջանակներում է, քանի որ կառավարության միջոցառումների ծրագրով նախանշվել է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանվելով 15 տոկոս:
«Այժմ գտնվում են 12 տոկոսի միջակայքում: Կարծում եմ, որ այսպիսի էական աճը լավ քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին»,- հայտարարեց Քերոբյանը: