«Միքայել Աջապահյանի մասին քայլիստ երեսփոխանի ելույթը եկեղեցու դեմ հարձակումների հերթական փուլն է». Գագիկ Համբարյան

«Սա ոչ միայն Միքայել Աջապահյանի դեմ քարոզ է, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցին հերթական անգամ վարկաբեկելու՝ Նիկոլի վարչակազմի փորձն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին հնչեցրած ելույթին:

«Ես չեմ ուզում իմ մակարդակը ցածրացնել և հավասարեցնել նույն Շիրակի մարզը ներկայացնող որոշ քայլիստ երեսփոխաններին: Ասեմ ձեզ, որ միայն Պալյան Էմման, չէ, որ երեկ ելույթ ունեցավ, մեկն էլ կա, որ գրառում էր արել, բայց քանի որ ես շիրակցի եմ, լավ գիտեմ, թե քայլիստներից Ազգային ժողովում Շիրակի մարզն ովքեր են ներկայացնում, համոզված եմ, որ այդ տեքստերն իրոք նրանք չեն գրել:

Գիտե՞ք՝ ինձ ինչն է ավելի շատ զայրացնում, ոչ թե քննադատությունը, թեկուզ և եկեղեցականի կամ այլ մեկի նկատմամբ, այլ այդ քամահրական վերաբերունքը՝ «դրանք, սրանք», արտահայտությունները: Սրա՛նք, հենց սրա՛նք, կապիտուլյանտնե՛րը,  այդ արտահայտություններն օգտագործում են իրենց քննադատողների դեմ:

Ասենք՝ այդ աղջիկն ի՞նչ ճանապարհ է անցել: Ըստ Գյումրիում տարածվող լուրերի, ինչ-որ խանութում կասիր է եղել, ավարտել է այն բուհը, որտեղ ես եմ դասավանդում, և ըստ իրեն դասավանդած դասախոսների՝ միջակ կարողությունների տեր ուսանող է եղել: Հետո, ըստ շրջանառվող լուրերի՝ աշխատանքի է անցել Խաչատուր Սուքիասյանի հետ առնչվող կայքում, հետո աչքի է ընկել նրանով, որ եղել է Շիրակի մարզից ընտրված մեկ այլ քայլիստի օգնական, որի օրոք համարվել է Արմեն Աշոտյանի մարտիության շնորհավորանքի «coppy past» անողը և տվյալ պատգամավորի ֆեյսբուքյան էջին տեղադրողը:

Կարդացեք նաև

Հիմա բախտի բերմամբ կրկին հայտնվել է Ազգային ժողովում և վերջին ամիսներին գերակտիվություն է դրսևորում: Մի հատ խուլիգանկա պատգամավոր կա, դրա կողքը վեր ընկած հռհռում էր… Հիմա էլ այս հայտարարությունը՝ կապված Շիրակի մարզում շատ մեծ վարկանիշ ունեցող  և բավական հարգված անձնավորության՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին:

Ասենք՝ ինքն ո՞վ է, ինքն ավելի լավ կանի՝ շարունակի գրագողությամբ զբաղվել և ընդհանրապես գիտենալ իր տեղը, թե ինքն ո՞վ է և ի՞նչ է այս քաղաքում: Գյումրեցիներն ասում են՝ կեղտը ելել է ջրի երես, բայց սա ժամանակավոր է: Գյումրիում շատ լավ գիտեն՝ ով՝ ով է, ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ է իրենից ներկայացնում, քայլիստների կողմից տարածվող բամբասանքները մի կողմ թողնենք:

Սույն աղջնակին խորհուրդ կտամ շատ զուսպ լինել այսուհետև, որովհետև Միքայել Աջապահյանը, ինչպես Գյումրիում են ասում՝ ավելի շատ Մասիս սարն է, իսկ իր նմանն ընդամենը Գյումրիում հայտնի՝ «էշ Մանուկի» դարն է: Նրանք ամոթ չունե՛ն, չտես գյորմամիշների թայֆան, որոնք ժամանակին 100.000 դրամին երանի էին տալիս, և որոնք իրենց էությամբ դավաճան են, հիմա միլիոնավոր դրամներ են ստանում և շատ լավ պատկերացնում են՝ երբ իշխանություն չլինեն, ինչ օրն են ընկնելու, դրա համար պատրաստ են ամենացածրակարգ ստախոսությունների և մանիպուլյացիաների, որի վառ օրինակն է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը խեղաթյուրելու, կոնտեքստից բառեր պոկելու և դրա հիման վրա կեղծիքներ տարածելու առումով:

Նիկոլը հիանալի գիտի իր ընտրազանգվածը՝ անգրագետ, քաղաքականապես տգետ և մարտնչող: Հասկանո՞ւմ եք՝ մարդը պատմություն չգիտի, քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, բայց կարող է պատմաբանի, քաղաքագետի, վերլուծաբանի հետ, որոնք գիտելիքների բավական լուրջ պաշար ունեն, կռիվ անել: Դա մարտնչող տգետ նիկոլականի պատկերն է»:

Գագիկ Համբարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՔՊ-ական պատգամավորի խոսքերն ուղղված էին ոչ միայն Միքայել Աջապահյանին, այլև Հայ Առաքելական եկեղեցուն.

«Սա եկեղեցու դեմ հարձակումների հերթական փուլն է: Նիկոլը երբևէ չի թաքցրել, որ ինքն աղանդավոր է, որովհետև ես չգիտեմ 1 մարդու, որը աղանդավոր չլինելով՝ կարող է աղանդավորի քարոզը դնել ֆեյսբուքյան իր պատին: Բազմաթիվ ապացույցներ կարող եմ ներկայացնել, թե ինչպես է Նիկոլը հայտնի աղանդավորական շարժումներից մեկի ներկայացուցչի քարոզը դնում իր պատին ու գրում՝ «Լսե՛ք»:

Կրկնում եմ, սա ոչ միայն Միքայել Աջապահյանի դեմ քարոզ է, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցին հերթական անգամ վարկաբեկելու՝ Նիկոլի վարչակազմի փորձն է:

Մեր ողբերգությունը նրանում է, որ քայլիստների համար Շիրակի մարզը ներկայացնում են Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի խուլիգանները և ախուրյանցի Անոյի նման բնորդուհիները: Շիրակի մարզը, որը ներկայացրել են նույն Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ), Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը, քաղաքական գործիչներից իր կարիերան Գյումրիից է սկսել Կարեն Դեմիրճյանը, երկար տարիներ Երևանը ղեկավարած Մուրադ Մուրադյանը, հիմա այս մարդկանց կողքին Շիրակի մարզը ներկայացնում են անգրագետ մարդիկ և Շիրակի մարզի դեմքը քայլիստների համար համարվում է ախուրյանցի Անոն, այնպես որ, բացարձակ զարմանալի չէ, որ Հայաստանի Հանրապետությունն այս վիճակում է գտնվում։

Շիրակի մարզի, Գյումրիի բնակիչներին հիմա ասոցացնում են Ախուրյանի Անոյի հետ, որովհետև քայլիստները նրանով են հպարտանում, նրան են որպես ժողովրդի ընդհանրական կերպար ներկայացնում»:

Ամփոփելով զրույցը՝ Գագիկ Համբարյանն ասաց, որ Էմմա Պալյանի երեկվա ելույթը Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, տարբեր կերպ է ընդունվել.

«Կան մարդիկ, որոնք բավականին խիստ քննադատեցին այդ երեսփոխանուհուն իր ասածների համար: Պետք է հասկանալ, թե ո՞վ է քննադատում Աջապահյանին: Քննադատել կարելի է, ամեն ինչի մեջ կարելի է մի բան առանձնացնել և քննադատել դիմացինին, բայց քննադատողն ո՞վ է, Պալյան Էմմա՞ն ու նրա նման քայլիստ-քայլիստուհիները, որոնց մակարդակն ու կրթական ցենզն այնքան ցածր է, և նրանց անցած ճանապարհն այնքան նեղլիկ է ու շատ կարճ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս ելույթով էր հանդես եկել, խոսել Արցախը Հայաստանին կապող միջանցքի մասին: Սրբազանը հայտարարել էր, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու համար մեզ մահապարտներ են պետք, բայց ոչ միայն մարտի դաշտում, ապա մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է:

«Մահապարտն այն մարդն է, որն անձնական կյանքի վրա թքած ունի, և իր համար կարևորը հայրենիքի բարօրությունն է, եկեղեցու բարօրությունն է: Այո՛, մենք մահապարտներ ենք, կուսակրոնները եկեղեցու մահապարտներն են, և եթե եկեղեցին 1700 տարի տարբեր փորձությունների միջով անցնում է, ապա այդ մահապարտների շնորհիվ է:

Այսպիսի մահապարտներ են պետք Հայաստանի Հանրապետությանը, Ազգային ժողովին, Կառավարությանը, որոնք թքած կունենան սեփական ընտանիքի բարօրության վրա և կմտածեն այս երկրի և բանակի հզորության մասին: Եթե դա ունեցանք՝ Լաչինի միջանցքն էլ կբացվի, Արցախն էլ կդառնա Հայաստանի Հանրապետության անբաժան և անքակտելի մաս»:

Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը երեկ փորձեց մանիպուլացնել և Սրբազանի խոսքերն այլ ձևով ներկայացնել իր լսարանին:

«Դրանցից մեկն անգամ այս բարձր ամբիոնից ասաց, որ մահապարտների թիմ պետք է ձևավորել, որ այսօրվա իշխանություններին հեռացնեն…

Հույս ունեմ, որ լսումներից անմիջապես հետո բոլորով գնացել եք եկեղեցի և Աստծուց ներում եք հայցել»,- ասել էր Էմմա Պալյանը:

Նշենք նաև, որ Միքայել Աջապահյանը երեկ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը՝ ասել էր. «Իր հասունությունը երևի չի բավարարում, որ հասկանա իմ ասածները»:

Տեսանյութեր

Լրահոս