Բաժիններ՝

Լիբանանը բացում է օդային տարածությունն ու նավահանգիստները, որպեսզի արտակարգ օգնությունը հասնի Սիրիա

Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիա հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսի դեմ գործում են ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցները, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։

«Կառավարության կարգադրությամբ բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և տեխնիկա կփոխադրեն Սիրիայի համար, ազատվում են Լիբանանի նավահանգիստներում տուրքեր վճարելուց», – նշել է Համիեն։

Նրա խոսքով՝ նույնպիսի արտոնություններ են գործում Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների պահին», – ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: Նա հայտնել Է, որ Հալեպ և Լաթաքիա են մեկնել լիբանանցի փրկարարների խումբը Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, բանակի ինժեներական ստորաբաժանումը, կամավորներ Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունից և մասնավոր բարեգործական կազմակերպություններից։

Փետրվարի 6-ին 4,9 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել հենց Լիբանանում։ Ինչպես հայտնել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բասսամ Մավլավին, զոհեր և տուժածներ չկան, սակայն վնաս Է հասցվել մի քանի շենքերի, մասնավորապես՝ Տյուրոսում, որտեղ տարհանվել են շենքերից մեկի բնակիչները։ Մի շարք վայրերում վնասվել են ավտոճանապարհները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս