Նիկոլ Փաշինյանը Գուրգեն Արսենյանին դրդում է նոր «սխրանքների»

Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որը վերաբերում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության» նախագծի քննարկմանը: Լսումներին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Իշխանական պատգամավորը բուն խնդրին անդրադառնալու փոխարեն՝ սկսեց ընդդիմության հասցեին հոխորտանքներ տեղալ, ապա «դարակազմիկ» միտք արտաբերեց, թե իրենք ՀՀ-ի 3 միլիոն բնակիչներին չեն վտանգելու հանուն Արցախի 120 000-ի:

«Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում ՀՀ գործող օրինական իշխանությանը, ասենք դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին։ Իշխանությունը հասկանում է իր ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե ինչ կարող է դրանից լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք անում, երևի ինչ-որ բան մոռացել եք իրականությունից։ Մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք հիմա կանգնած։ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ 120 հազար մարդ… 3 մլն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,- հայտարարել էր Գուրգեն Արսենյանը։

Նրա այս ելույթին արձագանքեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Երբ Գուրգեն Արսենյանը ներկայացնում էր, որ Արցախում 120.000 մարդ կա, բայց այստեղ 3 միլիոն կա. Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, որովհետև լսում ես, 5000 տղաներն այդ 3 միլիոնի մեջ չէի՞ն, խի՞ տարաք կոտորեցիք, եթե այս քաղաքականությունը պետք է անեիք: Այսինքն՝ հիմա 120.000-ը հայ չեն, 3 միլիոնն են հա՞յ»,- Գուրգեն Արսենյանին դիմելով՝ ասել էր նահատակված զինծառայողի հայրը:

Այսօր Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Գուրգեն Արսենյանը փորձեց մաքրագրել իր ասածները և արդարանալ, ինչպես ՔՊ-ականների գերակշիռ մասը, այնպես էլ նա՝ փորձեց մեղադրել, որ իր ասածները լավ չեն հասկացել։

«Ես ՀՀ պատգամավոր եմ, ընտրվել եմ Հայաստանի քաղաքացիների կողմից, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է»,- շեշտեց նա։

Հարցին՝ դրա մեջ Արցախը մտնո՞ւմ է, Գուրգեն Արսենյանը խուսափեց  ստույգ պատասխան տալ և շարունակեց նախորդ միտքը՝ ասելով, թե կատարում է իր աշխատանքը՝ սպասարկելով ՀՀ շահերը, և պաշտպանում ժողովրդի շահերը։

Հաջորդ հարցին՝ պատրա՞ստ է կրկնելու ԱԺ ամբիոնից իր արած հայտարարությունը, իշխանական պատգամավորը  պատասխանեց.

«Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանը 3 մլն բնակչություն ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է»։ Ճշտող հարցին՝ իսկ Արցախի 120 հազար ժողովո՞ւրդը, Գ. Արսենյանը պատասխանեց. «Արցախի 120 հազար ժողովուրդը, որը շրջափակված է, դա մտնում է ՀՀ պետական շահերի կոմպլեքսի մեջ, ես արդեն ասացի՝ առաջինը և առաջնահերթը ՀՀ պետական շահերի սպասարկումն է»։

Այս «լոլոյից» մոտ երկու ժամ անց տեղեկացանք, որ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ուշագրավ է, որ այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել էր Քննչական կոմիտեի (ՔԿ) խոսնակ Գոռ Աբրահամյանը: Շարունակությունը հետաքրքիր չէ: Հետաքրքիր է այն, որ այդ ինֆորմացիան դաշտ նետվեց այսօր ու ուղիղ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի վերահսկողության տակ գտնվող պետական լրատվամիջոցով:

Առավել ուշագրավ է, թե ինչու իշխանությունը հենց այսօր որոշեց պայթեցնել «քաջարի զինվոր Գուրգենի» մասին փուչիկը, որի մտահոգության առարկան իբր Հայաստանի 3 միլիոն բնակչության անվտանգությունն էր:

Իշխանական քարոզչությունը ուղիղ հայտարարեց՝ Գուրգեն Արսենյանի դարդը ՀՀ-ի 3 միլիոն բնակչությունը չէ, այլ սեփական որդու վերաբերյալ վարույթը չեզոքացնելը: Դա, իհարկե, շատերի համար գաղտնիք չէր, սակայն, թե ինչու իշխանությունները ցանկացան այդ մասին հասարակությանը տեղեկացնել, կարծում ենք, պետք է առնվազն մտահոգի Գուրգեն Արսենյանին ու նրան դրդի նոր «սխրանքների»:

Տեսանյութեր

Լրահոս