Պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Բյուզանդ փողոցների խաչմերուկի մոտից սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Գուրգեն Արսենյանին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ կացին և մեկ 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
« Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։
Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ և սառը զենք չի հանդիսանում:
Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում»- ասաց Աբրահամյանը։