«Մեր երկիրն ազատվելու է դավաճաններից. վախեցե՛ք դաշնակցականներից». Արմենուհի Կյուրեղյանը՝ իշխանություններին
«Օրվա իշխանությունը շատ է վախենում կորցնել իր իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նշելով, որ այդ վախերն արտահայտվում են իրենց դեմ ակտիվ պայքարողների նկատմամբ քրեական գործեր կարելով:
«Ընդդիմադիր «Հ2» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չեն ստանում, արդեն որերոդ անգամ արգելվում է սփյուռքահայ դաշնակցականի մուտքն իր հայրենիք՝ Հայաստան, իսկ ինչո՞ւ, ի՞նչ նպատակ ունեն այս իշխանությունները, և ինչո՞վ են մեր դաշնակցական ընկերները խանգարում այս իշխանություններին իրենց նպատակի իրականացման գործում:
Ես դեռ 2018 թվականի մայիսից՝ այս թիմի իշխանության գալու առաջին օրերից եմ ասել, որ այս մարդիկ իշխանության են եկել հստակ նպատակով՝ Արցախը հանձնել թշնամուն, խարխլել հայոց պետականությունը, քայքայել հայոց բանակը:
Իսկ որո՞նք են դաշնակցականության հիմքերը: Ամրապնդել հայոց պետականությունը, ունենալ հզոր, հաղթանակներ կերտող բանակ, պայքարել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման համար, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, միացյալ Հայաստանի համար:
Փաստորեն այս իշխանությունների նպատակներն ու դաշնակցականությունը խիստ հակասում են միմյանց, և այս իշխանությունները դա շատ լավ հասկանալով՝ պայքարում են դաշնակցականների, դաշնակցականության դեմ, ինչպես դա անում էր իրենց կնքահայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Բայց ես բազմիցս ասել եմ ու կրկնում եմ, լսե՛ք, դուք կարող եք առանձին դաշնակցականի վրա քրեական գործ հարուցել, առանձին դաշնակցականին պահել բանտում, առանձին դաշնակցականի մուտքն իր հայրենիք արգելել, բայց համասփյուռ դաշնակցությանը չե՛ք կարող…
Այո՛, դուք պետք է վախենաք թե՛ դաշնակցականից, թե՛ դաշնակցությունից, և թե ամենակարևորը՝ դաշնակցականությունից, որովհետև դաշնակցականությունից է գալու ձեր իշխանության ավարտը, ձեր ծրագրերի վախճանը, ձեր արածների համար պատասխան տալու ժամանակը: Վախեցե՛ք և վախով ապրեք, ճի՛շտ եք անում: Ամեն ինչ ունի իր ավարտը, մեր երկիրն ազատվելու է դավաճաններից, և դրան քիչ է մնացել, համոզված եղեք…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում