«Ավարտե՛ք ձեր մահախոսականը. Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի հայտարարության մասին
«Կեղծ խոստումների հիման վրա ձևավորված իշխանությունը գրեթե ամեն օր նոր փորձություններ, աղետներ ու սուգ է բերում, քանդում մեր պետականության հիմքերը, բանակը, արժեզրկում այն ամենը, ինչն ազգային է»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունն իր բոլոր ձախողումները ներկայացնում է՝ որպես ձեռքբերում, իսկ դավաճանությունը՝ հերոսություն:
«Հասել ենք նրան, որ բոլորովին վերջերս իրեն քաղաքական մտքի տիտան համարող, հոգով-սրտով մի կոմերսանտ, ով հանրությանը հայտնի է՝ որպես բոլոր ժամանակների իշխանությունների հետ օգուտով համագործակցության փորձ ունեցող երեսփոխան, իշխանության և իր անունից այս ամբիոնից խոսում էր պետական շահից ու պնդում, որ ՀՀ պետական շահից է բխում Արցախը և արցախցուն թշնամուն հանձնելը, որ 120.000 հային չպետք է մյուսները պատրաստ լինեն որևէ զոհողությամբ պաշտպանել, որ ՀՀ շահերից է բխում հայրենիքը թուրքին զիջելով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ուրանալով հայի դատը, Եռաբլուրը և Ծիծեռնակաբերդը:
Վստահ եմ, որ այդ նույն մարդու տեսակն ապագայում նույնկերպ է արտահայտվելու Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի և այնտեղ ապրող մեր հայրենակիցների վերաբերյալ…
Ե՞րբ պետք է հասկանաք, որ ամեն անգամ հայրենիքից մի հատված զիջելով՝ խաղաղություն չե՛ք բերի մեզ, առավել ևս, երբ դուք եք պնդում, որ պատրաստ եք զիջել, բայց չեք կարողանում հասկանալ թշնամու զիջման չափը՝ հային և Հայաստանը բնաջնջելն է, թողնելով գեթ 1 հայ, այն էլ՝ թանգարանի համար…»:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատգամավորին հորդորեց ավարտել ելույթը, քանի որ ժամանակը սպառվել էր.
«Ավարտե՛ք ձեր մահախոսականը, պարոն Սահակյան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում