Արցախի գործընկերները Գուրգեն Արսենյանին ճիշտ չեն ընկալել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում, ինչպես պահանջում են Արցախի ԱԺ հինգ խմբակցությունները։
«Էթիկայի խախտում չեմ տեսնում և համարում եմ, որ Արցախի մեր գործընկերների ընկալումը ճիշտ չէ, որովհետև պարոն Արսենյանն անձամբ, ոչ միայն հիմա, այլև տարիներ շարունակ այնքան շատ բան է արել Արցախի Հանրապետության համար, որ ուղղակի չեմ էլ ուզում թվարկել։ Իսկ ընկալումը ճիշտ չէ, կարծում եմ՝ այս թեմայի մասին խոսելը տեղին չէ։
Արսենյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, նույնն էլ՝ ես, ՀՀ ԱԺ-ն է, չէ՞, կառավարության ծրագիրը հաստատում, նույն բյուջեով Արցախ գնում է կոմունալ վճարումները, աշխատավարձերը և բոլոր հնարավոր օգնությունները։ Արսենյանը այն ԱԺ պատգամավորն է, որ այդ ամենն անում է, բայց Արսենյանը Հայաստանի պատգամավոր է, կարծում եմ՝ հարցին պատասխանեցի»,- լրագրողների հարցերին փորձեց պատասխանել ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության նախաձեռած՝ Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հանրային լսումներին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարել էր, որ չեն կարող ռիսկի ենթարկել 3 մլն հայի՝ հանուն 120 հազար արցախահայերի։
Այս հայտարարությունից հետո Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:
Նմանատիպ հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը:
Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում