Կառավարությունը մտածելու շատ բան ունի. Հայաստանի ֆինանսական շուկայի իրավիճակը շատերին ստիպում է հաստատվել այլ երկրներում
Այս տարի նախատեսված տնտեսական աճն ապահովելու համար կառավարությունը կրկին հույսը դրել է արտաքին գործոնների վրա։ Խոսքն այն գործոնների մասին է, որոնք դարձան անցած տարվա տնտեսական աճի հիմքը։ Դրանք բերեցին նրան, որ ի տարբերություն շատ երկրների, Հայաստանի տնտեսությունը հայտնվեց դրական շոկերի ազդեցության տակ՝ հանգեցնելով բարձր տնտեսական աճի ապահովմանը։
Բայց այդ աճերը տնտեսության մեջ ինստիտուցիոնալ փոփոխությունների չհանգեցրին։
Տնտեսության մեջ, չնայած բարձր աճի համար ձևավորված նպաստավոր միջավայրին, տնտեսական զարգացումների ու երկարատև աճերի համար հիմքեր ստեղծելու առումով էական փոփոխություններ այդպես էլ տեղի չունեցան։ Առաջացած հսկայական հնարավորությունների ու բարենպաստ իրավիճակի պայմաններում անգամ դժվար է հիշել որևէ նոր, քիչ թե շատ խոշոր տնտեսական, հատկապես՝ արտադրական ծրագիր, որն անցած տարի կյանքի կոչվեց Հայաստանում։
Եվ դա միայն անցած տարվան չի վերաբերում։
Ընդհանրապես վերջին տարիներին Հայաստանում գրեթե նոր արտադրություններ չեն ստեղծվում, նոր գործարաններ չեն բացվում կամ շատ քիչ են բացվում։ Հիմնական ուղղությունները կենտրոնացած են առևտրի ու ծառայությունների վրա։
Զարմանալի չէ, որ մեր տնտեսության աճի գլխավոր բաղադրիչները մնում են առևտուրն ու ծառայությունները։
Անցած տարվա տնտեսական աճի գերակշիռ մասն էլ այս երկու ոլորտների վրա էր։ Բայց դրանք այն ոլորտները չեն, որ հիմնարարներ են ստեղծում տնտեսության երկարատև զարգացումների ու կայուն աճերի համար։ Ընդհակառակը՝ մի բան էլ նոր ռիսկեր են ստեղծում։ Այն, ինչի առաջ հիմա կանգնած է մեր տնտեսությունը։ Ու եթե այնպես ստացվի, որ անցած տարվա այն գործոնները, որոնք բերեցին առևտրի ու ծառայությունների բարձր աճերի ձևավորմանը, այս տարի դադարեն կամ կրճատվեն դրանց ազդեցությունները, տնտեսությունը կրկին կբախվի ռեցեսիայի հետ։
Սա այս տարվա տնտեսական աճի ամենամեծ վտանգներից մեկն է, որը կարող է շատ ավելի լուրջ խնդիրների հանգեցնել, այդ թվում՝ հարկաբյուջետային հատվածում։
Մեր տնտեսության աճի դիվերսիֆիկացիայի որակը խիստ մտահոգիչ է։ Այն կախված է տնտեսության այնպիսի ճյուղերից, որտեղ ռիսկերը մշտապես բարձր են։ Բարձր աճերին սովորաբար հաջորդում են կտրուկ անկումները։
Նման իրավիճակների վերջին տարիներին մենք արդեն հասցրել ենք բախվել։ Դա արտահայտվեց աճի, հետո՝ անկման, ապա՝ կրկին աճի տեսքով։ Ենթադրվում է, որ մոտենում ենք հերթական փուլին, որը կդրսևորվի անկման տեսքով։
Դրա հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար անհրաժեշտ է մեծացնել իրական հատվածի տնտեսական ներուժը։ Բայց այդ առումով առաջընթաց գրեթե չի երևում։ Մի բան էլ նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ կապված անվտանգային միջավայրի հետ։
Անվտանգային խնդիրները տնտեսության ամենամեծ ռիսկերն են, որոնք արգելակում են ներդրումների ներգրավումը, նոր ծրագրերի իրականացումն ու տնտեսության ներուժի ավելացումը։ Դա երևաց նաև սեպտեմբերյան ագրեսիայից հետո։
Հայաստանի մի շարք կարևոր ներդրումային գոտիներ պարզապես կորցրել են տնտեսական հետաքրքրությունները, որովհետև հայտնվել են հակառակորդի ուղղակի թիրախի տակ։
Օրինակի համար ասենք՝ Ջերմուկը, որը կորցրել է երբեմնի ունեցած գրավչությունը։ Տնտեսական կյանքն այստեղ էապես պասիվացել է, չկա նախկին ակտիվությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք էին՝ զբոսաշրջությունն ու հանգստի կազմակերպումը։ Կառավարությունը փորձում է արհեստական միջամտություններով, մասնավորապես՝ այցելուներին ֆինանսապես շահագրգռելու միջոցով վերականգնել ակտիվությունը տարածաշրջանի նկատմամբ, բայց դա չի կարող խնդրի լուծում լինել։ Խնդրի լուծումն անվտանգային միջավայրի վերականգնման մեջ է, որը, սակայն, իշխանություններն ի վիճակի չեն ապահովել։
Եվ սա չի վերաբերում միայն Ջերմուկին։ Վերջին շրջանում Հայաստանի բազմաթիվ այլ սահմանային բնակավայրերում այդպիսի խնդիրներ են առաջացել։ Այդ խնդիրները, ուզած թե չուզած, տեղափոխվում են նաև տնտեսության խորքերը։
Մինչ դրանք կախված են մնում տնտեսության վրա՝ իշխանությունները տնտեսական ակնկալվող աճի ապահովման հիմնական հույսերը դրել են դրսի գործոնների վրա։ Բայց այդ գործոնների ազդեցությունն այս տարի էապես թուլացել է։ Պատահական չէ, որ փորձագիտական գնահատակաները մեր տնտեսության աճի վերաբերյալ բավական համեստ են։
Մասնավորապես՝ Համաշխարհային բանկը 4,1 տոկոս աճի ակնկալիք ունի։ Գրեթե նույնպիսի է նաև Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականը։
Այս կանխատեսումները հիմնված են տնտեսության պոտենցիալի գնահատականների վրա։ Արհեստական գործոնները, որոնք անցած տարի բերեցին բարձր աճերի, գրեթե ազդեցություն չթողեցին մեր տնտեսության պոտենցիալի ավելացման վրա։ Այն շարունակում է գտնվել 4-4,5 տոկոսի սահմաններում։ Այլ բան, որ երբեմն կարող են ի հայտ գալ գործոններ, որոնք այդ պոտենցիալից բարձր կամ ցածր աճերի կարող են հանգեցնել, ինչպես եղավ անցած տարի։ Բայց շատ փոքր է հավանականությունը, որ նույնը կլինի նաև այս տարի։ Այդպես մտածելու համար բազմաթիվ պատճառներ կան։
Մասնագետների գնահատումներով, Հայաստանի տնտեսությունը ոչ միայն բարձր, այլև նախատեսված 7 տոկոսանոց տնտեսական աճը կարող է ապահովել մեկ պարագայում, եթե ռուս-ուկրաինական ճգնաժամը ոչ միայն պահպանվի, այլև ավելի խորանա։ Միայն այդ դեպքում կպահպանվեն անցած տարի դրսևորված ազդեցության գործոնները։ Հակառակ պարագայում, դրանք պարզապես կդադարեն կատարել այն դերը, որն անցած տարի ունեցան Հայաստանի տնտեսական աճի գործում։
Չնայած այս պահին ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և առայժմ չեն երևում նաև հանգուցալուծման անգամ մոտավոր ժամկետները, այնուհանդերձ այդ հակամարտությունից Հայաստանի տնտեսության վրա փոխանցված դրական ազդեցություններն ու շարժառիթները գրեթե սպառվել են։ Նոր ավելի մեծ լիցքեր այս հատվածից դժվար է ակնկալել։
Հակամարտության ու այլ խնդիրների պատճառով, ովքեր հասցրել են տեղափոխվել Հայաստան, արդեն տեղափոխվել են։ Նոր, ավելի մեծ հոսքեր հազիվ թե կլինեն։
Նույնը վերաբերում է նաև բիզնեսի տեղափոխմանը։ Պատժամիջոցները, որոնց պատճառով անցած տարի շատերը եկան Հայաստան ու բերեցին նաև բիզնեսը, այլևս դադարել են մեր տնտեսության համար ազդեցության նոր գործոն լինել։
Չպետք է սպասել նաև բիզնեսի տեղափոխման նոր ակտիվացում, եթե նույնիսկ եկածը հետ չգնա կամ չտեղափոխվի երրորդ երկիր։ Նման երևույթներ կան ու հատկապես ՏՏ ոլորտում։ Հայաստանի ֆինանսական շուկայի իրավիճակը շատերին ստիպում է հաստատվել այլ երկրներում, հատկապես որ, գտնվելու վայրն այս բիզնեսի համար որևէ նշանակություն չունի։
Ֆինանսական հոսքերի առումով ևս աճի մեծ ակնկալիքներ չկան։ Սպասվում է, որ այս տարի դրանք նույնիսկ կկրճատվեն։ Ու այդ պարագայում մեր տնտեսության անցած տարվա բարձր աճերին նպաստած առանձին գործունեության տեսակներ կարող են հայտնվել ռիսկերի առաջ՝ իրենց ուղղակի ազդեցությունը թողնելով տնտեսական աճի ակնկալիքների վրա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ