Վարչապետի աշխատակազմը 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել Կոնդի առանձնատներին

Վարչապետի աշխատակազմը հերթական դրամաշնորհն է տվել  «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին: 2023 թ. փետրվար 3-ին կնքված՝ 542 միլիոն 465 հազար 200 դրամ արժողությամբ պայմանագրով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման և սպասարկման ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ ակնկալվող արդյունքն է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների բարեկարգումը, բարելավումը և խնամքը:

Պայմանագիրը կնքող կողմերն են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը և  «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վարդուհի Հարությունյանը:

168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է այս ՊՈԱԿ-ի՝ «թավշյա» դրվագներին. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. «Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է»։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել էին Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա՝ Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում՝ որպես հաշվապահ աշխատած Արուս Մանավազյանի նշանակումը, իսկ անցյալ տարի այդ պաշտոնը զբաղեցնում էր Աննա Հակոբյանի ազգականը՝ Անժելիկա Շապովալովան, նա պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է:

Ի դեպ, 2022 թվականի փետրվարին՝ հենց Շապովալովայի տնօրինության ժամանակատվածում վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:

Տեսանյութեր

Լրահոս