
Ճապոնիայի վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Տոկիոյի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Կողմերի հանդիպմանը հաջորդած մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Կիսիդան ասել է, որ հաշվի առնելով «իրադրությունն Ուկրաինայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»՝ իրենք ընդգծել են հարաբերությունների ամրապնդման կարևորությունը՝ «օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհակարգի» պահպանման և ամրապնդման համար, այդ թվում՝ «Ազատ և բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար:
Այս հայեցակարգը, որը երբեմն հակադրում են չինական «Գոտիներ և ուղիներ» նախաձեռնությանը, 2016 թ.-ին առաջադրել է Ճապոնիայի այն ժամանակվա վարչապետ Սինձո Աբեն, իսկ այժմ այն ակտիվորեն առաջ են մղում Ճապոնիան, Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները: Մասնավորապես, Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել կիբեռանվտանգության, առաջավոր տեխնոլոգիաների, ապատեղեկատվության դեմ պայքարի և տիեզերքի ոլորտներում։
Վերջին ժամանակներս Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Անցյալ տարի Կիսիդան դարձել Է Ճապոնիայի կառավարության առաջին ղեկավարը, որը մասնակցել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դրանից հետո Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել Է անկախ դարձնել իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում՝ առանձնացնելով այն Բրյուսելում իր դեսպանությունից և դրանով իսկ բարձրացնելով առաքելության կարգավիճակը: