
«Միավորված երաժշտությամբ». հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն ու տարբերանշանը

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո:
Այս մասին հայտնում է Armenia in Eurovision «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը:
Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: