
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ցանկանում են բարձրացնել համատեղ զորավարժությունների մակարդակը

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են 2023 թ.-ին ավելի ընդլայնել համատեղ զորավարժությունները: Այս մասին ասվում է երկու երկրների պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Լի Չժոն Սոպի համատեղ հայտարարության մեջ:
«Երկու ղեկավարները պարտավորվել են այս տարի ընդլայնել և ուժեղացնել համատեղ զորավարժությունների մակարդակն ու մասշտաբը»,- նշվում է Պենտագոնի կայքում զետեղված հայտարարության մեջ։
Նախարարները համակարծիք են, որ պետք է նկատի առնել փոփոխություններն անվտանգության ոլորտում, ներառյալ` Հյուսիսային Կորեայի վերջին քայլերն իր միջուկային և հրթիռային ծրագրերի առնչությամբ:
Բացի այդ, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պայմանավորվել են ավելի սերտ խորհրդակցություններ անցկացնել Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական սպառազինությունների տեղակայման շուրջ։
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հունվարի 31-ին Սեուլում: Սա երկու նախարարների միջև արդեն չորրորդ հանդիպումն է, իսկ 2023 թ.-ին՝ առաջինը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: