
Հայաստանի և Ուկրաինայի կրթության նախարարները հուշագիր են ստորագրել

Վերջին օրերին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերխի Շկարլետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարեգործական կազմակերպության ղեկավար Սուրեն Սարդանյանի հետ ստորագրել է Մտադրությունների հուշագիր՝ զարգացնելու Ուկրաինահայկական միջազգային դպրոցը: Այս մասին հաղորդում է Odessa Journal պարբերականը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
Քննարկված հիմնական հարցերից էր ուկրաինացի ուսանողների համար ապահով և գրավիչ կրթական տարածքի ընդլայնումը՝ զարգացման իրական, ակտիվ հնարավորություններ ապահովելու համար, և յուրաքանչյուր երեխայի անգնահատելի ներուժի բացահայտումը՝ հանուն Ուկրաինայի և աշխարհի խաղաղ ապագայի:
«Նման դպրոցի բացումը խաղաղության համար պայքարում մանկավարժների ուժերը համախմբելու ևս մեկ քայլ է, երկու երկրների միջև միջազգային կրթական և մշակութային համագործակցության օրինակ, որը մեզ հիշեցնում է, որ աշխարհի հիմնական արժեքը մարդկային կյանքն է», – ասել է Սերխի Շկարլեթը:
Ուկրաինահայկական միջազգային դպրոցը ստեղծվել է կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման, մասնագիտական փորձի փոխանակման, Ուկրաինայի և Հայաստանի մշակութային ժառանգության և գիտական նվաճումների ուսումնասիրությունը խորացնելու նպատակով։ Դպրոցի շենքը կառուցվել է Օդեսայի հայ համայնքի կողմից։ Դպրոցը նախատեսվում է բացել 2023 թ. սեպտեմբերին: Բացի այդ, Ուկրաինահայկական միջազգային դպրոցի հիման վրա երեխաների համար կստեղծվի գիտական և ստեղծագործական կենտրոն, որը սերտորեն կհամագործակցի Հայաստանում աշխարհահռչակ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ: